Երեկ Շենգավիթում լուր է տարածվել, որ մայիսի 6-ին Չարբախի շենքերից մեկում փող բաժանելու կասկածանքով բռնվել է թաղում հայտնի քրեական հեղինակություն Բլդին, որի իսկական անունն Աշոտ է, իսկ ազգանունը վաղուց մոռացվել է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ վերջին 5 տարիների բոլոր ընտրություններում նա «աշխատել է» Հանրապետականի օգտին, սակայն մայիսի 6-ի ընտրություններից երկու օր առաջ անցել է ԲՀԿ-ի կողմը:
«Չարբախի բնակիչները պատմում էին, որ Բլդին գնալուց առաջ հասցրել է փող վերցնել ՀՀԿ-ից և ցուցակագրել ընտրողներին` մեկ ձայնի դիմաց խոստանալով 15 հազար դրամ: Սակայն հետագայում չի կատարել իր խոստումը, քանի որ գումարային հարցերում համաձայնության չի եկել հանրապետականների հետ և «իշխանափոխ» է եղել: Հանրապետականներն էլ, իրենց քցված համարելով, բռնել են տվել Բլդիին: Նույն տեղամասում ինքնառաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանը «Հրապարակին» հայտնել է, որ Բլդիի դեմ ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, քանի որ ահազանգ էր ստացել, որ նա ընտրակաշառք է բաժանում: Ոստիկանությունից պատգամավորության թեկնածուին պատասխանել են, որ ինքն անձամբ պետք է գա և բողոք գրի», – նշում է թերթը: