2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները կարելի է համարել լիովին կեղծված, քանի որ դրանք անցել են բազմաթիվ խախտումներով: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Բոլորդ ականատես եք, թե ինչ խայտառակ ընտրություններ տեղի ունեցան` համադրելով մեր միասնական շտաբի, ինչպես նաև անկախ դիտորդների և լրագրողների արձանագրումները:
Ընտրակեղծիքների երկու հիմնական աղբյուրները հետևյալն են. բրիգադներով առավոտյան քվեարկությունը, դա նաև թանաքների համար: Այդպիսի բան չէի տեսել, որ առավոտը 8-ին գային, դռները խփել տային և հանրապետական ավազակախումբը լցվեր ընտրատեղամասեր: Հաջորդ աղբյուրը մարդկանց ահաբեկելով ընտրության բերելն էր:
Ընդհանրապես դեմոկրատական ազգերում խորհրդարանական ընտրություններին մասնակցում է մարդկանց քառասուն-հիսուն տոկոսը: Դա քաղաքականապես ակտիվ զանգվածն է: Հայաստանում Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը բաժանեց ընտրակաշառք` դա զուգորդելով ահաբեկուներով վարչական ռեսուրսի միջոցով:
Քրեական աշխարհը ճնշումներ էր իրականացնում: Եվ, ահա, մեր նախնական գնահատականների համաձայն, կազմակերպված ընտրակաշառքի և մնացածի համար լցոնվել է 600 հազար ձայն: Մեր դիտարկումներով` 500 հազարը լցոնվել է
ՀՀԿ-ի օգտին», – ասել է Զուրաբյանը` հավելելով, որ ձայներ են լցոնվել նաև երկու այլ կուսակցությունների օգտին:
«Բայց այդ կուսակցությունների անունները կտամ հետո: Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ընտրություններին, գիտեն, թե որոնք են այդ կուսակցությունները:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի հանցագործ ռեժիմը ստեղծել է մի հանցավոր ընտրական համակարգ, որ ինչան էլ ձայն հավաքի ցանկացած ուժ, ՀՀԿ-ն ոչ միայն կապահովի իր մեծամասնությունը, այլև իր ցանկացած ուժի կնշանակի ընդդիմություն», – հայտարարել է ՀԱԿ համակարգողը: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը զբաղված է սեփական ժողովրդին փչացնելով, ընտրակաշառք տալով` վերածելով նրանց զոմբիների:
Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ին մնում է պատերազմ հայտարարել «այդ անբարո, ամեն ինչ պղծող իշխանություններին», նրանց հետ կռվել փողոցներում և հրապարակներում, որովհետև եթե «սրանք մի քիչ էլ մնան Հայաստանում, կփչացնեն մեր երեխաների ապագան»:
«Մենք խորհրդարանում պետք է ջարդենք նրանց, իսկ եթե պետք լինի, մենք նաև ձեր աջակցությունն ենք խնդրելու և միասին ենք գնալու խորհրդարան: Մենք դեմ հանդիման ենք դուրս գալու և նաև ձեր օգնությամբ բացատրելու ենք` ինչ է նշանակում օրինականություն, որի հետևանքով նրանք հայտնվելու են ձեզ հայտնի տեղերում», – ասել է Զուրաբյանը: