Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունից առաջ Մանեժնայա հրապարակում սկսված բողոքի ակցիան, որն ավելի ուշ «Կիտայ-գորոդ» մետրոյի կայարանի մոտ վերածված «անժամկետ զբոսանքների» , շարունակվում է մինչ այսօր` չնայած ընդդիմադիր առաջնորդների և ակտիվիստների ձերբակալություններին:
Երեկոյան և գիշերային զբոսանքների մի քանի ժամերի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչների թիվը 200-ից հասել է 2000-ի:
Պլևնայի հերոսների հուշարձանի մոտ հավաքված ընդդիմադիր ակտիվիստները առավոտյան 11:00-ին հայտնել են նոր ձերբակալությունների մասին:
Չնայած ոստիկանության ճնշումներին` լուռ բողոքի ակցիայի մասնակցիները չեն պատրաստվում ցրվել, նրանք տեղաշարժվում են քաղաքով մեկ:
Ակտիվիստները ոչինչ չեն վանկարկում, և ոչինչ չեն ասում, ոմանք նվագում են, ուրիշներն էլ պարզապես պառկած են գետնին: Նրանց խոսքով` լուռ բողոքի ակցիայի մասնակիցների թիվն արդեն շատ բան է ասում:
«Մարդիկ պարզապես հավաքվել են այստեղ զբոսնելու, քանի որ երկրում իրավիճակը նմանվել է խորհրդային անեկդոտներին: Բայց հիանալին այն է, որ բոլոր մարդիկ գիտեն, ինչու են այստեղ», – BBC-ի հետ զրույցում հայտարարել է ակտիվիստներից մեկը:
Ընդդիմադիրները մտադիր են շարունակել զբոսանքները մինչ մայիսի 9-ը` ֆաշիստական Գերմանիայի նակտմամբ տարած հաղթանակի օրը:
Հիշեցնենք, որ կիրակի Մոսկվայում «Միլիոնների երթ» հանրահավաքը այդպես էլ տեղի չունեցավ իրավապահների և ընդդիմադիր ակտիվիստների միջև սկսված բախումների պատճառով: Արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին, 600-ը ձերբակալվեցին: Չնայած երկրում առկա բողոքական տրամադրություններին մայիսի 7-ի առավոտյան տեղի ունեցավ երրորդ անգամ նախագահական աթոռը զբաղեցրած Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը: Ավելի ուշ նա հայտարարեց արդեն նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին վարչապետի պաշտոնում նշանակելու մտադրության մասին: