Կալիֆոռնիայի բնակիչ, 92-ամյա Շարլոտա Հայդրոնը 5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել. վերջինս ինքնասպանության համար նախատեսված «փաթեթներ» էր վաճառում` միաժամանակ խուսափելով հարկերից: Ինչպես նշում է Vesti.ru-ն, համապատասխան պատիժ նա կկրի ոչ թե «անբարո» գործունեության, այլ հարկային օրենսդրության խախտման համար:
Դատախազության տվյալների համաձայն, 92-ամյա Շարլոտա Հայդրոնը ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիների առնվազն 1300 «ինքնասպանության փաթեթ» է վաճառել: Նրա կողմից պատրաստվող փաթեթի մեջ էին մտնում` խողովակ, հատուկ պլաստմասե փաթեթ և ցուցում` կյանքին հելիում շնչելու միջոցով վերջ տալ ցանկացողների համար: Նման «օպերացիայի» համար անհրաժեշտ իներտ գազը չէր մտնում տրամադրվող փաթեթի մեջ:
Հայդրոնը խոստովանել է, որ այդ փաթեթներն անձամբ էր «հավաքում» իր տանը և վաճառում 40-60 դոլարով` հիմնականում պատվեր ստանալով էլեկտրոնային նամակով կամ հեռախոսով: Նրա խոսքով` ինքը ցանկանում էր օգնել անբուժելի հիվանդներին ինքնասպան լինել տանը` ընտանիքի և ընկերների շրջապատում:
Նա ընդունել է, որ 2007 թվականից հարկեր չէր վճարում և ավելի քան 150 հազար դոլար է վաստակել, այդ թվում ինքնասպանների համար փաթեթների վաճառքից: Դատախազությունն, իր հերթին, որոշել է չպատժել նրան իր գործունեության համար, սակայն մի պայմանով, որ նա այլևս չի զբաղվի իր «բիզնեսով»: Այժմ, Հայդրոնը պայմանական պատժից բացի պետք է կարգավորի իր հարկային խնդիրները: