Ինդոնեզիայում չորեքշաբթի անհետացած ռուսական Սուխոյ Սուպերջեթ-100 ինքնաթիռը հայտնաբերվել է Ճավա կղզու Սալակ լեռան լանջին: SuperJet-100-ը վթարի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ: Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների, ինքնաթիռը բախվել է լեռանը, երբ ընդամենը մի քանի տասնյակ մետր էր մնացել սարն անցնելուն:
Լեռանը բախված Սուխոյ Սուպերջեթ-100-ի մի մասը սարալանջի վրա է մնացել, մի մասը ներքև է ընկել:
Ներկայումս ինքնաթիռի հատվածները և մարդկանց հայտնաբերելու համար օպերատիվ շտաբ է ստեղծվել: Որոնողա-փրկարարական շտաբի ներկայացուցիչը հայտնել է լրագրողներին, որ դեռևս ոչ մի բան չի խոսում այն մասին, որ ինչ-որ մեկը կենդանի է մնացել:
Ռուսաստանցի բլոգեր Սերգեյ Դոլյան, ով մեկնել է Ինդոնեզիա, Թվիթերով հաղորդել է, որ ճշտված տեղեկություններով ինքնաթիռում 45 մարդ է եղել, այդ թվում ` ՌԴ 8 քաղաքացիներ, ֆրանսիացի և ամերիկացի: Մնացածը Ինդոնեզիայի քաղաքացիներ են եղել:
Հիշեցնենք, որ «Սուխոյ Սուպերջեթ 100» ինքնաթիռ օգտագործում է հայկական «Արմավիա» ավիաընկերությունը: Առաջին «Սուպերջեթ 100-ը» «Արմավիային» է հանձնվել 2011 թվականի ապրիլի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանում Միջտարածաշրջանային համագործակցության առաջին հայ-ռուսական ֆորումի շրջանակներում:
Ներկայումս «Սուխոյ Սուպերջեթ 100-ի»-ի պատվերների ընդհանուր քանակը 170 է: Ինքնաթիռը կարող է փոխադրել 98 ուղևոր: