Home / Հայաստան / Վարդան Օսկանյանը նախագահական ընտրություններին չի մասնակցի

Վարդան Օսկանյանը նախագահական ընտրություններին չի մասնակցի

ՀՀ ԱԳ նախկին նախարար (1998-2008 թթ.), ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը բացառել է իր մասնակցությունը հաջորդ տարի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա ասել է Թուրքիայից Հայաստան ժամանած մի խումբ լրագրողների հետ զրույցում, գրում է Today’s Zaman-ը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին` ԲՀԿ-ականը նշել է, որ թեև «Բարգավաճ Հայաստանը» այս գումարման ԱԺ-ում կրկնապատկել է իր մանդատները քանակը, այդուհանդերձ այն կարող էր շատ ավելի մեծ ներկայություն ունենալ, եթե ընտրություններն արդար անցնեին:

«Եթե որոշ խախտումներ չլինեին, կարծում եմ, մենք ավելի լավ արդյունք կունենայինք», – «Հրանտ Դինք» և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամերի հովանավորությամբ Հայաստանում գտնվող լրագրողներին հայտնել է Օսկանյանը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարների մասին` Օսկանյանը նշել է, որ Թուրքիայի հետ սահմանը կարող է բացվել միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դեպքում:

«Հայաստանի կառավարությունը ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Խնդիրը նրանում է` ինչպես անել դա: Արձանագրությունների ողջ գործընթացը ցույց տվեց այս ճանապարհին առկա խոչընդոտները: Հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Մինչև այդ խնդիրը ինչ-որ կերպ լուծում չստանա, ես իսկապես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք շարժվել հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ»,-նշել է ԱԳ նախկին նախարարը:

Օսկանյանը, միաժամանակ, նշել է, որ վստահ չէ, թե ԼՂ հարցի շուրջ բանակցությունները որևէ դրական արդյունք կունենան: «Բանակցությունները շարունակվում են, բայց վախենամ դրանք փակուղում են: Այս խորհրդարանական ընտրություններից հետո չգիտեմ` արդյո՞ք գործընթացը կվերակենդանանա»:

Պատասխանելով թուրք լրագրողների այն հարցին` արդյոք 1915 թվականի դեպքերը քննելու նպատակով պատմական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը ընդունելի էր հայերի կողմից, Օսկանյանը պատասխանել է. «Դա կնշանակեր Ցեղասպանության հարցը կրկին ուսումնասիրության առարկա դարձնել, մի բան, որն արդեն արվել է և կա եզրակացություն`տրված միջազգային գիտնականների և հայերի կողմից, ըստ որի 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն են եղել: Հայկական կողմը երբեք չի ընդունի այսպիսի հանձնաժողովի ստեղծման առաջարկը: Այնպես որ, թուրք վարչապետ Էրդողանի կողմից ներկայացված պահանջը իրատեսական չէ»: