Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր այսօրվա նիստում մեկ միլիոն դրամով վարչական պատասխանատվության ենթարկեց «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, օրենքի խախտմամբ քարոզչության տարրեր պարունակող հաղորդում հեռարձակելու համար, հաղորդում է «Ազատությունը»:
Բանն այն է, որ քաղաքական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ կուսակցությունների ձևավորած ընտրությունների վերահսկման միասնական շտաբում մայիսի 6-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ընտրողներին կոչ է արել ձայն չտալ Հանրապետական կուսակցությանը։ Ասուլիսը ուղիղ եթերով «Կենտրոնը» հեռարձակել է իր «Էպիկենտրոն» հաղորդման ընթացքում։
«Կենտրոն» հեռուստաընկերությունը սերտ առնչություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք այս ամենը չի համարում քաղաքական ճնշում հեռուստաընկերության նկատմամբ, Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը բացասական պատասխան տվեց:
«Ես ղեկավարում եմ ապաքաղաքական մարմին», – հայտարարեց Ամալյանը, – «Ես հասկանում եմ, որ առիթը բաց չի թողնվելու շահարկումների համար, բայց այնքան ակնհայտ է դեպքը, որ միանշանակ կարծում եմ, որ խտրական մոտեցում որեւէ մեկի նկատմամբ չկա»։
«Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Արա Սաղումյանը ՀՌԱՀ-ի նիստում պնդում էր, որ իրենք օրենք չեն խախտել:
«Մեր ընկալմամբ, որևէ հեռուստաընկերություն ի վիճակի չէ վերահսկել ուղիղ եթերը, հետևաբար չի կարող պատասխանատվություն կրել ուղիղ հեռարձակման ընթացքում որեւէ անձի արտահայտած մտքերի կամ գործողությունների համար», – հայտարարեց Սաղումյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, սակայն, համոզված է, որ հեռուստաընկերությունը պարտավոր է վերահսկել իր իսկ եթերով հեռարձակվող ցանկացած հաղորդում: