Home / Հայաստան / Ադրբեջանի իշխանությունների կապը ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ հայտնի է. Նազարյան

Ադրբեջանի իշխանությունների կապը ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ հայտնի է. Նազարյան

Մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անց էր կացվում Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանն ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ և ստահոդ հայտարարությունները, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարևան երկրների հետ սահմանների փակ լինելը, ու խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցներն հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում:

Դեսպանը նաև հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ:

Դեսպան Նազարյանը նաև նշել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապն ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90-ականների սկզբին և որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսևորել զգոնություն` թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով: