«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տարաձայնությունները Հայ Ազգային Կոնգրեսի հետ սկսվել են անցած տարվա գարնանից: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն աղմուկով է դուրս գալիս ՀԱԿ-ից` Արամ Սարգսյանը բացասական պատասխան է տվել` նշելով, որ Կոնգրեսից դուրս գալու որոշումը դեռ վերջնականապես չի կայացրել, թեև չի բացառել, որ դա տեղի կունենա:
«Որովհետև տարաձայնություններ ունենք և էդ տարաձայնությունները ես իսկապես բարձրաձայնել եմ: Առ այսօր մնացել ենք ՀԱԿ-ում մի պարզ պատճառով, որ մեր ժողովուրդը ընդդիմադիր դաշտի համախմբվածությունը համարել է շատ կարևոր: Եվ էդ համախմբվածությունը նաև առաջիկայում, նաև ԱԺ-ի ընտրություններին չխոչընդոտելու, ձայները չպակասեցնելու համար մենք մեր ներդրումն ենք ունեցել այդ գործում: Այսօր, երբ այդ գործընթացը վերջացել է, մենք ազատ ենք մեր տեսակետներն ասելու համար»,- ասել է Արամ Սարգսյանը:
Նա նաև ասել է, որ մինչև իրենց համագումարը, որը կլինի սեպտեմբերի վերջին, իրենք հակված են շփվելու քաղաքացիական հասարակության բոլոր անդամների հետ:
Սարգսյանի խոսքով` այսօրվա ԱԺ-ն նախագահ-կառավարություն որոշումների դակիչ մարմին է դարձել:
«Ես, իհարկե, բոլոր էն մարդկանց ովքեր ազնվորեն գնում են ԱԺ` հույս ունենալով, որ իրենցից բան է կախված, որ բան կարող են փոխել, հաջողություն եմ մաղթում, և իմ ներկայությամբ չեմ ուզում կաշկանդել, իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը: Ես կարծում եմ, որ էդ բերած օրենքների մասին ես իմ տեսակետները կարող եմ ասել ոչ միայն ԱԺ-ում, այլ հասարակությանը, լրատվական միջոցներով և հանրահավաքներով: Ես համոզված եմ, որ էս ժողովրդի 90 և ավելի տոկոսը ընդդիմություն լինելով` նրանից էս ԱԺ-ում ներկայացված է 15-20-ը, ոչ ավելին: Ես գերադասում եմ լինել էդ 90 տոկոսի հետ փողոցում, ես ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու առումով, դուք դա դեռ կտեսնեք: Ես իմ մանդատը չեմ դնում որևէ մեկին իմ փոխարեն ԱԺ մտցնելու համար: Իմ համար էական չի, թե հաջորդ մարդն ով է մտնում, ով ուզում է` մտնի, իմ որոշումը քաղաքական է», – ասել է Արամ Սարգսյանը :