«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը, որը կկայանա հուլիսի 8-15-ը, ստացել է 1120 հայտ (անցյալ տարի` մոտ 700 հայտ) աշխարհի շուրջ 70 երկրից:
Կինոփառատոնի մամլո ծառայության փոխանցմամբ` այս տարի փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով «Ոսկե ծիրան» կ/փ-ը 2012թ-ին կներկայացնի նոր ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով: Ծրագրում ընգրկվելու են հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները:
Մրցութային ծրագիրը 2012թ-ին կպահպանի 4 մրցույթները` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ». վերջինս մեկնարկել է 2011թ-ին և անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: Մասնավորապես՝ «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակին («Յուրի Երզնկյանը և իր աշակերտները») և Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ցուցադրություններ: Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը:
Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի մի մաս և իրագործվում է Եվրամիության աջացությամբ: