Մի քանի օր է, ինչ այլևս պատգամավորի մանդատ չստացած Վիկտոր Դալլաքյանը իր հայրենի Վանաձորում սկսել է չհավատալու ու չփոխվելու քարոզ իրականացնել: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի, Դալլաքյանը մեկ առ մեկ հանդիպումներ է ունենում Լոռու մարզի պետական գերատեսչության ղեկավարների հետ` ասելով, որ բոլորը թող իր դառը փորձը տեսնեն ու նույնիսկ աչքների տեսածներին չհավատան:
«Փաստորեն Դալլաքյանն իշխանական սկուտեղից հեռանալու պարագայում նորից վերադառնում է իր հին ոճին` փորձելով սկսել իր «քլնգոցն» ու արշավը` կարծելով, թե առողջ քննադատությունը դարձյալ նրան մեծ քաղաքականություն է տանելու: Թեև դժվար թե հաջորդ անգամ որևէ իշխանություն ռիսկի գնա ու օգտվի Դալլաքյանի պատգամավորական ծառայություններից: Մանավանդ որ այս անգամ էլ պատահական չէր Դալլաքյանի պարտության պատճառը»,- գրում է «ՉԻ»-ն:
Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը երկու անգամ անընդմեջ թիվ 30 ընտրատարածքից Աժ պատգամավոր էր ընտրվել, սակայն այս անգամ, ընդգրկվելով ՀՀԿ կազմում, չհաջողեց մանդատ ստանալ 5-րդ գումարման ԱԺ-ում:
Վիկտոր Դալլաքյանի պարտությունը շատերը կապում են 2007 թվականին վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ նրա կողմից հնչեցված հայտարարության հետ: Այդ հանդիպման ընթացքում Դալլաքյանը վանաձորցիներին բացատրել էր, թե ինչու են իրանք վատ ապրում կամ ինչու են թոշակառունները քիչ ստանում թոշակը: Նա այդ փաստը բացատրել էր նրանով, որ նախագահ Սերժ Սարգսյանը գնում է Մոնտե Կառլո, կազինոյում «ստավկա է դնում, կրվում է», այդ պատճառով մարդիկ քիչ են ստանում: