«Քաջարան քաղաքում մայիսի 6-ի ընտրություններն ուղղորդվել և կեղծվել են, և մենք դրա ականատեսն էինք»: Այս մասին հայտարարել են 38/57 ընտրատեղամասում (Սյունիքի մարզ) Հայ Ազգային Կոնգրեսի վստահված Արմեն Օհանյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Վահագն Գևորգյանը:
Հայտարարության հեղինակները գրում են, որ գաղտնիք չէ` Քաջարանն ապրում է իր չգրված կամ 38 թվի օրենքներով, ու շատ խորհրդանշական է, որ այն ներառող ընտրատարածքն էլ 38-ն է:
«Ասվածի ամենավառ ապացույցը թիվ 38/57 ընտրատեղամասում մեզ հանդիպած, ի պաշտոնե և կոչումով օրենքի երկու պաշտպանն էին՝ օրենքը բացահայտ անարգող քաղաքապետարանի իրավաբան Մանվել Փարամազյանն ու ոստիկանապետ, փոխգնդապետ Գասպարյանը: Մանվել Փարամազյանը քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձ է (ըստ ընտրողների ռեգիստրի նա հարևան`56 ընտրատեղամասի ընտրող է), օրվա մեջ առնվազն չորս անգամ մտել է 57 տեղամաս, մնացած ժամանակ գտնվել է տեղամասի մուտքի մոտ, նրա մասին գրառում չկա մատյանում` չնայած հավատացնում էր, որ Վահեի (խոսքը տեղի կալվածատեր Մաքսիմ Հակոբյանի պատգամավոր որդու մասին է) մոտ ընկերն ու վստահված անձն է (խախտում, տես` ՀՀ ԸՕ, Գլ.9, Հ. 44.8), բայց իրականում իր պահվածքով հաստատում էր Քաջարան՝ 38 թվի օրենքներով շարժվող քաղաքի համբավը: Հասկացողը կհասկանա, թե ինչով էր զբաղված Մանվելը ընտրատարածքի ներսում և դրսում», – նշում են Օհանյանն ու Գևորգյանը:
Նրանք նշում են, որ ոստիկանապետ Գասպարյանն ի զորու չէր ընտրատեղամասից 50 մետր շառավղով բացառել կուտակումները, հեռացնել թաղի տղերքին, որ իրեն տեսնելով անգամ` չէին սթափվում:
«Նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ ի վիճակի չեղավ կազմակերպել ընտրողների կանոնավոր հերթ դրսում, փոխարենը մտնում էր ընտրատեղամաս` ներսում կարգուկանոն հաստատելու պատրվակով ու ժամերով լռված մնում, բացահայտ ուղղորդելով ընտրողներին` չկաշկանդվելով անգամ եվրոպական դիտորդների զարմացած հայացքից (ի դեպ ԵԱՀԿ դիտորդ Թիմ Բյուխներն արձանագրել է ընտրատեղամասում ոստիկանապետի ակտիվ և երկարատև ներկայության փաստը):
Եթե օրենքի պաշտպաններն են օրենքն անարգում, ապա ի ՞նչ կարող ես պահանջել մյուսներից: Երբ առավոտյան ժամը 7-ի նիստում վիճակահանությանը մասնակցեցին նաև տեղամասային հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, արդեն պարզ դարձավ, որ գործ ունենք ընտրական օրենսգրքի պահանջներին բավական անտեղյակ կազմի հետ: Հանձնաժողովի նախագահը Լյովա Ստեփանյանը (ՀՅԴ), 4 ժամ շարունակ իրականացնում էր քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամի գործառույթ, իսկ ընտրատեղամասի նախագահությունն, ըստ էության, ամբողջ ընթացքում իր ձեռքն էր վերցրել քարտուղար Վաչագան Գևորգյանը (1046 ՀՀԿ. քաղաքապետի եղբայր է, տեղի կոմունալի պետ)` անգամ քվեարկության արդյունքների ամփոփման կարգի համաձայն նախագահի գործն իրեն վերապահելով: Քվեարկության կարգի խախտման վերաբերյալ մեր բազմաթիվ գնահատականները չեն արձանագրվել գրանցամատյանում, երկար բանավեճից հետո միայն քարտուղարը գրանցեց առանց այդ էլ ակնառու և անհերքելի մի փաստ` քվեարկության ողջ օրվա ընթացքում (ժ. 08:00-19:30) տեղամասի մուտքի մոտ եղած կուտակումների վերաբերյալ: Ոմանք գալով ընտրատեղամաս` զարմացած հայտնաբերում էին, որ իրենց անվան դիմաց արդեն ստորագրված է, ասել է թե իրենց փոխարեն ընտրություն են կատարել, սակայն անգամ նմանատիպ աղաղակող դեպքերն արձանագրման չարժանացան», – նշում են ՀԱԿ վստահված անձն ու «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը:
Ընտրատեղամասի հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Նելյա Գրիգորյանը ներկա չի եղել, չնայած ԿԸՀ հաստատած կազմում նրա անունն է գրված եղել, և ՀՀԿ անդամով նրա փոխարինման մասին տեղեկատվություն չի եղել:
«Սրա անունն էլ դնենք եւս մեկ տեխնիկական խոտան, որի շնորհիվ «Ժառանգությանը» բաշխել էին 56 ձայն», – նշված է հայտարության մեջ:
Օհանյանն ու Գևորգյանը նշում են, որ գիշերվա հազարին, ձայների հաշվարկման ամենաթունդ պահին, Կապանից հայտնվել է մի քննիչ, ով չի բարեհաճել անգամ ներկայանալ, գրի է առել իրենց տվյալները: Օհանյանն ու Գևորգյանը հրաժարվել են այդ պահին և առանց փաստաբանի որևէ քննչական գործողության մասնակցել:
«Ազնիվ անունով մի ազնիվ կին ասում էր. «Տղերք ջան, էստեղ ժողովրդի մեծ մասը կոմբինատի աշխատող են, սաղին կզցրել են, կամ ընտրում ենք իրանց ասածով` կամ էլ գործից սիկտիր»: Ու էդպես էլ կար. մարդիկ ժամերով խմբված, սրտնեղած, կուտակվել սպասում էին իրենց կզահերթին՝ ներկա-բացակա անող հանրապետական վերակացուների աչալուրջ հսկողության ներքո ու նրանցից ոչ մեկ չթքեց ու հետ չգնաց, գլխիկոր կամ տրտնջալով սպասեցին, որ կատարեն կալվածատիրոջ կամքը: Ընտրազանգվածի բեռնափոխադրում իրականացնող տասնյակ տղաներ ՀՀԿ վստահված անձինք էին, մեկին դուրս էինք անում, մյուսն էր հայտնվում տեղամասում` հերթական քոռութոփալ տատիկ-պապիկին թևատակին դրած (մատյանում ընտրողներին օգնողների մեկ քառորդն է գրանցվել): Բայց ի պատիվ քաջարանցիների, պետք է նշել, որ անգամ ընտրաքշվածների մեջ գտնվեցին իրենց քաղաքի անվան արմատից չհրաժարված՝ քաջ մարդիկ, որ թույլ չտվեցին Մաքսիմին ու իր արդեն երրորդ անգամ ԱԺ երեսփոխան դարձված «խոխին» հասնել իրենց երազած բրեժնևյան մաքսիմումին` 100 %-ին», – գրում են հեղինակները:
Հայտարարության հետգրության մեջ Օհանյանն ու Գևորգյանը հիշեցնում են «հանրահայտ անպատկառ մարմիններին, որ վստահված անձը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար»:
Տեսանյութը` remelephant օգտատիրոջ էջից