Մայիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշական համարելով ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 18-րդ տարեդարձի օրը համանախագահների այցը Երևան, նշել է, որ կրակի դադարեցումից հետո անցած տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել մոտենալու հիմնախնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է կատարել՝ խոչընդոտելով համաձայնությունների ձեռքբերումը:
«Ադրբեջանն այս տարիներին չկարողացավ վեր կանգնել խնդիրը ուժի միջոցով լուծելու գայթակղությունից, և իր ժողովրդին խաղաղությանը պատրաստելու փոխարեն, շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շփման գծում սադրանքները, հսկայական ծավալներով սպառազինությունների ձեռքբերումը, ինչը խոչընդոտում է կարգավորման գործընթացը, վտանգում է փխրուն իրավիճակը տարածաշրջանում», նախարարի խոսքերը մեջբերում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սոչիում հունվարի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունների իրականացմանը, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: