«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ իր կուսակցության ակտիվի հավաք է հրավիրել և հայտարարել, որ բոլոր այն ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք 10 հազար ձայնից քիչ են հավաքել կուսակցության համար, ԱԺ պատգամավորի մանդատ չեն ստանա, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Գագիկ Ծառուկյանը ստիպել է մի շարք ԲՀԿ-ականների հրաժարականի դիմումներ գրել: Դիմում գրողներից առաջինը եղել են ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
«Եթե ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի, անհայտ է լինելու նրանց ճակատագիրը: Որոշված չէ նաև Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական ապագան: Ծառուկյանը նրա մասով երկմտում է: Պատգամավոր չեն լինելու նաև ԲՀԿ ընտրացուցակի 14-րդ համարը զբաղեցնող Արամ Սաֆարյանը, Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն, «Արսօյլ»-ի տնօրեն, նախկին պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը: ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի ապագան ևս դեռ օդում կախված է», – գրում է թերթը:
«Ժողովուրդը» հրաժարականի դիմումներ գրած մարդկանց մեծ ցուցակ է ներկայացնում, որոնց թվում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ակադեմիայի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, ԲՀԿ-ական երկու մարզպետները` Նվեր Պողոսյանը (Գեղարքունիք) ու Սերգեյ Բագրատյանը (Վայոց Ձոր):
Թերթի տեղեկություններով` ըստ Ծառուկյանի որոշման` իրենից բացի, խորհրդարան կմտնեն` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Նաիրա Ջոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը Թամար Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Աբրահամ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանը, Արսեն Ավագյանը և Բազմասեր Առաքելյանը: