«Հանրապետություն» կուսակցության կողմից ՀԱԿ-ը լքելը Կոնգրեսի բնականոն տրանֆորմացիայի հետևանք է: Մեկնաբանելով երեկ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի արած հայտարարությունը, թե ինքը վայր է դնում պատգամավորական մանդատը և հնարավոր է համարում նաև ՀԱԿ-ը լքելը` Epress.am-ի հետ զրույցում ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը:
Ըստ նրա` միշտ հայտնի է եղել, որ ՀԱԿ-ում, որը կազմված է 17 կուսակցություններից, կուսակցությունների կշիռը պետք է նվազի և կազմակերպման հասարակական ձևեր պետք է մշակվեն ՀԱԿ-ի անդամ ոչ կուսակցականների համար, ովքեր ՀԱԿ-ում մեծամասանություն են կազմում:
«Արամ Սարգսյանի որոշումը` լքել ՀԱԿ-ը, բնական, ինչ որ տեղ առողջ քայլ է» ,- ասել է Նեդոլյանը:
Մեկնաբանելով ՀԱԿ-ի որոշումը` վերցնել ստացված 7 մանդատները, Նեդոլյանն ասել է, որ ՀԱԿ խմբակցությունն այնքան բարձր արդյունավետությամբ կաշխատի, որ բոլոր կասկածները, թե ՀԱԿ-ը պետք է թողներ մանդատները, կվերանան:
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն էլ Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Արամ Սարգսյանի և նրա «Հանրապետություն» կուսակցության դուրս գալուց ՀԱԿ-ին ոչինչ չի լինի:
«Կարծում եմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը հաջողության չի հասնի: Դեկլարատիվ հայտարարությունները մի բան են, ժողովրդին փողոց հանելը մեկ այլ բան»,- նկատել է հրապարակախոսը:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ իրեն չի պատկերացնում ԱԺ-ում և մտադիր է պայքարը շարունակել փողոցում: Նշենք նաև, որ Արա Նեդոլյանը և Տիգրան Պասկևիչյանն ընդգրկված են եղել ՀԱԿ-ի համամասնական ցուցակում: