Home / Հայաստան / «Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ-ն». ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգողը լքեց դաշինքը

«Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ-ն». ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգողը լքեց դաշինքը

Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի տարածքային  գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարել է իր պարտականությունների,  ինչպես  նաև  ՀԱԿ-ում  քաղաքական գործունեության դադարեցման մասին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից տարածած Աշոտ Զաքարյանի հայտարարության մեջ վերջինս նշում է, որ վերջին  երկու  ամիսների  ընթացքում   ՀԱԿ-ի  վարած  քաղաքականության  և  ԱԺ  ընտրությունների  հետ  կապված  հարցերի  շուրջ  ինքը փորձել է լռություն պահպանել:

«Ունենալով  որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ,  լռությունս  հետապնդել   է  մեկ  նպատակ` ԱԺ նախըտրական  շրջանում`  Հայ  Ազգային  Կոնգրեսում,  միասնականությունը  չխաթարել,  միևնույն  ժամանակ,  այս ողջ  ընթացքում  իմ գործունեությամբ հնարավորինս  աջակցել  եմ  ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն  քվեներ ստանալու  համար», – նշել է Զաքարյանը:

ՀԱԿ նախկին անդամը նշել է, որ Կոնգրեսի  կողմից  իրականացվող  ներքաղաքական  կուրսը ոչ  միայն լրջագույն  խնդիրներ է ստեղծել ՀԱԿ-ի  ներսում, այլև, իր  համոզմամբ, կասկածի  տակ է դրել  ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ  ունեցած վստահությունը, ինչն  իր  արտացոլումն է  գտել  2012թ-ի  մայիսի 6-ին  կայացած   ԱԺ  ընտրությունների արդյունքներում:

«Երբեմնի  հզոր  կազմակերպված  ընդդիմադիր  ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության  բացարձակ մեծամասնության  վստահությունը,  այժմ կարողացավ հաղթահարել  ընդամենը   ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը: Ամենակարևոր  խնդիրը, ինչին  կուզենայի  անդրադառնալ, «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության  հետ  համագործակցություն  սկսելու  անհաջող  փորձերն  էին,  ինչը  ցավոք  սրտի  շարունակվում  է  մինչ  օրս:  Նախ  պետք  է  արձանագրել,   որ   ԲՀԿ-ն   իշխանական  կոալիցիայի մաս է  կազմել,  ներկայումս  կա, և ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ`   երկրում ստեղծված  ծանր  սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին և թե արտաքին  քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես  կեղծվող  բոլոր  մակարդակների ընտրությունների,  ազգային  աղետի  հասնող  արտագաղթի,  ինչպես  նաև  մնացած  բոլոր  ոլորտներում  տիրող  աղետալի  վիճակի  համար, ԲՀԿ-ն  հավասարապես  պատասխանատվություն  է  կրում: Ավելին` գաղտնիք  չէ,  որ   «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը   համարվել  և համարվում  է Ռոբերտ  Քոչարյանի քաղաքական  հենարանը:  Եվ նպաստելով  այս  կուսակցության  վարկանիշի  բարձրացմանը, որում մենք  համոզվեցինք ԱԺ  ընտրությունների ժամանակ` հնարավորություն է ստեղծվում  ճանապարհ  հարթելու  Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին», – հայտարարել է Զաքարյանը` ընդգծելով, որ այդ գործընթացին մասնակից   դառնալու  որևէ ցանկություն  չունի:

Զաքարյանը հույս է հայտնել, որ իր և ՀԱԿ-ի հետագա հարաբերությունների հեռանկարը կտեղավորվի   միմիայն  փոխադարձ հարգանքի, կոռեկտության և մարդկային նորմալ  փոխհարաբերությունների  տրամաբանության  մեջ, և ՀԱԿ-ի  նոմենկլատուրան  այս  հարցում  կունենա կարևոր դերակատարում:

«Այդուհանդերձ,  շնորհակալություն  եմ  հայտնում  ՀԱԿ  բոլոր համակիրներին 4 տարիների  համատեղ  պայքարի  համար, և հայցում վերջիններիս     ներողամտությունը,  եթե  ունեցել  եմ  թերացումներ  կամ  բացթողումներ: Հայ  Ազգային  կոնգրեսին  ցանկանում  եմ  արդյունավետ  աշխատանք    ՀՀ  Ազգային  Ժողովում», – իր հայտարարությունն այսպես է ավարտում Աշոտ Զաքարյանը:

Լուսանկարը` Աշոտ Զաքարյանի Facebook-ի էջից