Արդեն երկու օր է` համացանցում քննարկվում է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան ստատուսը` կապված «Մեզիմ ֆորտե» դեղամիջոցի հետ: Աշոտյանը «մասնագիտական խորհուրդ» էր տվել «բոլոր նրանց, ով դեռ լիովին չի մարսել ՀՀԿ հաղթանակը»` «դեղամիջոցն ընդունել օրը երեք անգամ` միասնական շտաբի նիստերից հետո»: Իր ստատուսին նախարարը կցել էր նաև դեղամիջոցի նկարը:
«Ի՞նչ իրավունք ունեք նման ցինիկ կատակներ անել: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք կատակել, նույնիսկ 1 տոկոս մեր հայրենակիցների մասին, որոնք չեն ընդունում ընտրությունների արդյունքը», – Blognews-ում գրել է օգտատեր Ալեն Սիմոնյանը:
Իր գրառման մեջ Սիմոնյանը նշում է, որ Աշոտյանը «կրթության ոլորտում մեծագույն բարեփոխումներ բերած նախարար է»:
«Տարիներ շարունակ այս երկրի երիտասարդներին կրթելով եք զբաղվում: Սկսած «նարնջագույն բազեների» ճակատից մինչ նախարարի պորտֆել: Հիմա էլ, աշխատելու փոխարեն, նստել եք «ֆեյսբուքում», ստատուսներ եք գրում ու ուրախանո՞ւմ: Գործ արեք: Զոլյանին գործից հանեք-նշանակեք, ուսանողների հարցադրումներին պատասխանեք, ուսուցիչների որակն ու մակարդակը բարձրացրեք կամ, ասենք, մի հատ ստուգում անցկացրեք, տեսեք թե բաժանված գումարը համապատասխանո՞ւմ է բերված ձայների քանակին: Իսկ Ձեր «ֆեյսբուքում» անցկացրած աշխատանքային ժամի, ինտերնետի, աշխատասենյակի, որտեղ Դուք մեր ազգի մի մասի նկատմամբ հեգնանքով ստատուսներ եք գրում, վճարում եմ ես և նաև այն մարդիկ, ում Դուք հեգնում եք: Ուստի, բարի եղեք այդ ժամանակն օգտագործել Ձեր անմիջական գործունեության համար: Ես հավատում եմ, որ Դուք իմ գրածը կարդալիս կփոխվեք, վստահ չեմ, թե դրանից ինչ կստացվի, բայց դե «Մեզիմ ֆորտեի» տեղը գիտեք», – գրել է Ալեն Սիմոնյանը: