Ամերիկյան Newsweek ամսագրի հերթական համարը մայիսի 21-ին լույս կտեսնի Սպիտակ Տան ղեկավարի լուսանկարով, որն ուղեկցվում է «առաջին գեյ նախագահը» գրառումով, իսկ նախագահի գլուխը զարդարում է ծիածանագույն լուսապսակը:
Ամսագրի շապիկի լուսանկարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Newsweek-ի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը: «Նախագահը արժանի է այս ծիածանագույն լուսապսակի ամեն մի գույնին»,-ասված է նրա հաղորդագրության մեջ:
ABC News-ի տվյալներով` պարբերականի նոր համարի հեղինակը ամերիկացի լրագրող և բլոգեր Էնդրյու Սալիվանն է: Հոդվածի տեքստը դեռևս չի հրապարակվել, սակայն, ըստ ամենայնի, տեքստում խոսվում է միասեռ ամուսնությունների մասին, որոնց օրերս կողմ էր հանդես եկել Օբաման:
Հիշեցնենք, որ ABC հեռուստաալիքի հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նույնասեռ զույգերը պետք է իրավունք ունենան ամուսնական կապի մեջ մտնել:
«Որոշակի պահի ես եկա այն գաղափարին, որ անձամբ ինձ համար շատ կարևոր է հստակ ձևակերպել իմ դիրքորոշումը. կարծում եմ, որ միասեռ զույգերը ամուսնանալու հնարավորություն պետք է ունենան»,-ասել էր Օբաման:
Նախորդ շաբաթ Էնդրյու Սալիվանը, ով չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, գրել էր, որ երբ լսել է Բարաք Օբամայի ելույթը «իր աչքերին անգամ արցունքներ են հայտնվել»: