Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները իրեն վերացնելու նպատակով դավադրություն են կազմակերպում: Իր մտահոգությունների մասին նա հայտնել է բրիտանական Sunday Telegraph պարբերականին:
Դալայ Լամայի խոսքով` չինաստանցի գործակալները տիբեթցի կանանց սովորեցնում են նվիրյալներ ձևանալ, իսկ այնուհետև թունավորել իրեն:
«Մենք լուրեր ենք ստացել Տիբեթից: Որոշ չինացի գործակալներ վարժեցնում են տիբեթցիներին և հատկապես երիտասարդ կանանց, թույն օգտագործելով, վերացնել ինձ: Թունավորված մազերով և շարֆերով նրանք պետք է գան ինձ մոտ օրհնություն ստանալու»,- պարզաբանել է Դալայ Լաման:
Նշենք, որ Տիբեթի Հոգևոր առաջնորդը բնակվում է մեկուսացված վայրում` Հիմալայների լանջին տեղակայված տաճար-պալատում: Այստեղ է գտնվում նաև նրա աքսորված կառավարությունը:
Չինաստանից անկախություն պահանջող տիբեթցիների վիճակը շարունակում է ծանր մնալ:
Միայն այս տարի ինքնահրկիզման ավելի քան 30 դեպք է եղել: Տիբեթցիները նման գործողությունների են գնում` ի նշան չինական կառավարության դեմ բողոքի: Նրանց մեծ մասը ինքնահրկիզման հետևանքով զոհվել է:
Այդուհանդերձ, Դալայ Լաման հույս է հայտնել, որ իր կենդանության օրոք բախտ կունենա տեսնել երկու կողմերի հաշտությունը: