«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարություններից հետո ինչ-որ առումով սպասելի էր Աշոտ Զաքարյանի հայտարարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարել է իր պարտականությունների, ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեության դադարեցման մասին:
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց Աշոտ Զաքարյանի հայտարարությունից` կապված Կոնգրեսի 7% արդյունքի հետ, որ նա իրական է համարում Հայաստանում այս տոտալ կերպով կազմակերպված կեղծված ընտրությունների օրինականությունը: Սա «Հանրապետություն» կուսակցության երկրորդ ներկայացուցչի հայտարարությունն էր, միգուցե, վաղը, մյուս օրը ևս լինեն մեկ-երկու հայտարարություններ, բայց դրանք, ըստ էության, նույն դեպքին են առնչվում, այնպես որ, ավելի շատ լրատվական ինֆորմացիոն իրադարձություններին են միտված: Ես կարող եմ միայն ասել, որ մենք հարգում ենք Աշոտ Զաքարյանի որոշումը, բայց նաև կուզեի ավելացնել, որ որևէ կերպ չեն հիմնավորվում այն մեղադրանքները, որոնք նա հասցեագրում է ՀԱԿ-ին: Նախ, ինչպես նշեցի, տպավորություն է ստեղծվում, թե Աշոտ Զաքարյանն իրական է համարում կեղծված խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, և երկրորդ` միասնական շտաբում մեր համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ եղել է բացառապես մեկ հարցի շուրջ` դա ընտրությունների օրինականության վերահսկման խնդիրն էր, և որևէ այլ հարցում այդ ուժերը չեն համագործակցել: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր շփոթ է և միայն կարող եմ բարի ճանապարհ մաղթել Աշոտ Զաքարյանին»,- ասել է Արման Մուսինյանը:
Կոնգրեսի մամուլի խոսնակը նաև ասել է, որ ՀԱԿ-ը իր ռազմավարությունն ընդունել է, և շարժվելու է առաջ այդ ռազմավարությամբ, և որևէ անհամաձայնություն այդ ռազմավարության ընդունման ժամանակ Աշոտ Զաքարյանը` գոնե որպես տարածքային կառույցի ղեկավար, պաշտոնապես չի բարձրաձայնել:
Ինչ վերաբերում է նրան, թե այլ կուսակցություններ ևս հաջորդեն «Հանրապետություն» կուսակցությանը, Արման Մուսինյանն ասել է, որ այս պահին նման խնդիր չունեն և նման խնդիրներն իրենց չեն մտահոգում:
Մուսինյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ը «Հանրապետություն» կուսակցության շարքերում ունի բազմաթիվ համակիրներ: Նա նաև տեղեկացրել է, որ ՀԱԿ Գյումրիի տարածքային կառույցի համակարգողի պաշտոնակատար է նշանակվել Մուրադ Գրիգորյանը: