Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակում է զբաղեցնել ռեկտորի աշխատասենյակը: Մինչ այժմ նա աշխատասենյակի բանալիները չի փոխանցել ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանին:
Epress.am-ի թղթակիցը փորձել է տվյալ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից, ով նշել է, թե, իր կարծիքով, «այդ ինֆորմացիան իրականությանը այնքան էլ չի համապատասխանում»:
«Ռեկտորի կաբինետ կոչվածը բոլոր բուհերում մի քիչ հարաբերական է, որտեղ գրված է ռեկտոր, դա էլ ռեկտորի կաբինետն է», – ասել է Բաղդասարյանն ու խորհուրդ տվել այդ հարցով զանգել ռեկտորի պաշտանակատար Գայանե Գասպարյանին:
«Զանգեք Գասպարյանին, կարծում եմ՝ նա ձեզ հստակ կասի, թե ի՞նչ վիճակում են աշխատանքները, ո՞նց են ընթանում: Մեր տեղեկություններով` նման ինֆորմացիա չկա: Դա թյուր տեղեկատվություն է, որ տարածվում է հատուկ ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունը թուլացնելու նպատակով», – ասել է Բաղդասարյանը:
Epress.am-ի թղթակիցը զանգահարել է Գայանե Գասպարյանին, վերջինս էլ ասել է, թե ինքը բազմիցս հայտարարել է, որ որևէ լրատվամիջոցի մեկնաբանություններ չի տալու:
Այնումենայնիվ, թղթակցիցն ասել է, որ ինքը զանգահարում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի խորհրդով ու ներկայացրել է վերջինիս տված պատասխանը՝ թե Զոլյանի աշխատասենյակից դուրս չգալու ու բանալիները չհանձնելու մասին լուրերն «այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»:
«Որ նման բան չկա՞, որ Զոյլանը կաբինետից դուրս չի գալի՞ս: Ո՞նց կարող է չլինել, նախարարությունը ո՞նց կարող է ձեզ այդպիսի պատասխան տալ, որ Զոլյանը դուրս է եկել կաբինետից: Նա գալիս է, կաբինետում մի քիչ մնում, գնում է: Լավ, ես խնդրում եմ՝ այլևս ինձ չզանգել ու այդ հարցերով չանհանգստացնել, այնքան գործ ունեմ: Առավել ևս, այդ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն տալ չեմ կարող», – ասել է նա: