Մայիսի 14-ին, ժամը 14.20-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղակայված «Վէա գազ» ընկերությանը պատկանող գազալցակայանում պայթյուն է գրանցվել, հաղորդում է ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության խումբը պարզել է, որ գազալցակայանում պայթել է Վ. Սահակյանին պատկանող «Գազ 2402» մակնիշի պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը:
Դրա հետևանքով հարակից կայանված «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան վնասվել է: Ապակու բեկորների հարվածից վարորդ, 40 տարեկան Ա. Հարությունյանն աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև BMW, «Վազ 2110» մակնիշների ավտոմեքենաները: