Հայաստանի հանրապետությունը և նրա քաղաքացիները համակարգային խորը տագնապի մեջ են, ասված է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություն մեջ:
«Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբևէ:
Գործող վարչակարգն աննախադեպ կերպով մեղսակցության պաշտամունք պարտադրեց հայ հանրության հոծ զանգվածներին եւ, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսևորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի եւ ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ», – նշում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով` ևս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան:
«Եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը և օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, Հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաև հաջորդ դե ֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի», – ընդգծում է «Ժառանգության» առաջնորդը:
Այնուամենայնիվ, նա նշում է, որ հայաստանցիներն արժանի են և պետք է հասնեն դե յուրե ղեկավարության` թե’ խորհրդարանում, թե’ նախագահական նստավայրում:
««Ժառանգություն» կուսակցությունը` շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու-ազգի շահերը` թե ներկայիս դե ֆակտո ամոթի և թե մոտ ապագայի դե յուրե արժանապատվության պայմաններում: Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով և ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների», – նշել է Հովհաննիսյանը:
Վերջինիս հայտարարության մեջ նշվում է, որ «Ժառանգությունը» գործընկերների հետ համալիր քննարկումներից հետո պատրաստվում է ներկայացնել «Պետության վիճակի մասին» իր հանգամանալից գնահատականը և կիսել «ժամանակավորապես խաթարված, բայցև տևապես սուր ու անխախտ իր տեսլականը Նոր Հայաստանի, որը վստահաբար գալու է»:
Հենց այդ նպատակով «Ժառանգությունը» հունիսի 2-ին կհրավիրի իր համագումարը, ասված է հայտարարության մեջ: