Home / Հայաստան / Դեմիրճյանն ու Սարգսյանը մանդատից չեն հրաժարվի. Կոնգրեսի խմբակցության կազմը հայտնի է

Դեմիրճյանն ու Սարգսյանը մանդատից չեն հրաժարվի. Կոնգրեսի խմբակցության կազմը հայտնի է

Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակի 2-րդ և 6-րդ համարների` Ստեփան Դեմիրճյանի և Լյուդմիլա Սարգսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու խոսակցությունները հիմք չունեն: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Նախ և առաջ հարկ է ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը կայացել է «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքին մաս կազմող բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների միահամուռ համաձայնությամբ:

Որևէ այլ որոշում, կապված ընտրությունների արդյունքներից կամ Կոնգրեսի պատգամավորական խմբակցության թվաքանակից բխող գործողությունների վերաբերյալ, չի ընդունվել: Առավել ևս, երբևէ չի դրվել որևէ պարագայում պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցը:

Ուստի Ստեփան Դեմիրճյանի և Լյուդմիլա Սարգսյանի իբրև թե հնարավոր հրաժարականի մասին տարածվող խոսակցությունները բացարձակապես հիմք չունեն և, դատելով, մանավանդ, իշխանամետ լրատվամիջոցների պահվածքից` դրանք ակնհայտորեն շահարկվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից, ինչը նշանակում է, որ իշխանություններն այնքան անհանգստացած են անգամ Կոնգրեսի փոքրաթիվ խմբակցության գոյությունից, որ փորձում են թեկուզ խառնակչությամբ պառակտում մտցնել նրա ներսում: Զուր ջանքեր են, ոչինչ չի ստացվի», – ասել է Տեր-Պետրոսյանը:

Թերթի թղթակցի այն հիշեցմանը, թե կարծես Արամ Սարգսյանի պարագայում այդ խառնակչությունն արդյունք տվեց, ընդդիմության առաջնորդը պատասխանել է. «Արամ Սարգսյանի պարագան բոլորովին այլ է, քանի որ նա իր պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշման մասին հրապարակորեն հայտարարել էր դեռևս ընտրություններից առաջ»:

«Հայկական ժամանակը» նշում է, որ Ստեփան Դեմիրճյանի և Լյուդմիլա Սարգսյանի հարցը կարելի է փակված համարել, իսկ ՀԱԿ խմբակցության կազմը կունենա հետևյալ տեսքը` Ստեփան Դեմիրճյան, Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Լյուդմիլա Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան և Գագիկ Ջհանգիրյան: