Home / Հայաստան / «Թափառող» լեզու. «Տղա հավանելու վերջը» մերժեցին վաճառել խանութներից մեկում

«Թափառող» լեզու. «Տղա հավանելու վերջը» մերժեցին վաճառել խանութներից մեկում

Օրերս «Ակումբ» սրճարանում կայացել է Տաիշա Աբելարի «Տղա հավանելու վերջը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ընդգրկում է 10 պատմվածք և հատվածներ «Երազ» շարքից: Գիրքը ներկայացնում է գրողի եռամյա գրական գործունեության մի փոքրիկ մասը. Տաիշան հեղինակ է «Բալագույն կրծկալով կինը» վեպի, մի շարք բանաստեղծությունների, պատմվածքների:

«Ժողովածուն ներկայացնում է ծաղկաքաղ երիտասարդ հեղինակ Տաիշա Աբելարի պատմվածքներից: Դրանցում կենցաղային մանրապատումներն ու առօրյայի պարզ իրավիճակները, շնորհիվ կենդանի, «թափառող» լեզվի, վեր են ածվում ինքնության որոնման յուրօրինակ արահետների,- ասել է արձակագիր Գիրգոր Սարգսյանը,- Համանուն հերոսուհու արկածները` մերթ շատ սովորական, մերթ գրոտեսկի ու ֆանտաստիկայի սահմանը հատող, երբեմն էլ` շաղախված թաքուն լիրիզմով՝ կարծես առաջարկում են նոր ու թարմ մի հայացք` ուղղված այսօրվա մարդուն և նրա իրականությանը»:

«Տաիշա Աբելարի պատմությունները վերաբերվում են «հետռոմանտիկական» իրադրությանը բնորոշ ուշ կապիտալիզմին,- մեկնաբանել է արվեստաբան Վարդան Ջալոյանը,- Բայց դա քիչ է ասել. հայկական հետռոմանտիզմը  տարբերվում է անգլիականից հենց նրանով, որ առկա են ինչպես ֆեոդալական, այնպես էլ վաղկապիտալիստական մոդելը: Տաիշան և մեր մյուս կին տաղանադավոր գրողները հենց այս կոլիզիան են նկարագրում»:

Գիրքը հրապարակել է  «ակտուալ արվեստ» մշակութային միությունը՝ 400 տպաքանակով: Այն կարելի է ձեռք բերել «Ակումբ» և «Արտբրիջ» սրճարաններում:

«Բյուրոկրատ» գրախանութը, որտեղ սկզբում վաճառվում էր գիրքը, մերժել է դա անել՝ պատճառաբանելով, որ, եթե հեղինակն իրավունք ունի գրել այնպես, ինչպես ցանկանում է, գրախանութն էլ իրավունք ունի չվաճառելու այն, ինչ չի ուզում: