Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը հայտնաբերել է Բուրատինոյի արկածների մասին պատմող ֆիլմի «ոսկե բանալին» գողանալու մեջ կասկածվող անձանց: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հայտնում է «Վզգլյադ» պարբերականը:
Լեգենդար առարկան կորել էր մայիսի 5-ին`«Բուրատինոյի արկածները» ֆիլմի ռեժիսոր Լեոնիդ Նաչաևի հիշատակին նվիրված ստեղծագործական երեկոյի ընթացքում: Երեկոյի կազմակերպիչների խոսքով` տեսահսկման սարքերը արձանագրել են գողության պահը, ինչն էլ թույլ է տվել ոստիկանության գտնել կասկածյալներին:
«Ոսկե բանալին» գողացած անձին 5 տարվա ազատազրկում է սպառնում:
50 սմ երկարությամբ «ոսկե բանալին» լեգենդար ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործված բանալու օրիգինալ տարբերակն էր: Բանալին Մոսկվայից Պետերբուրգ էր բերել ֆիլմի ռեժիսորի կինը` Նադեժդա Նաչաևան հատուկ ամուսնուն նվիրված երեկոյի համար: Մինչ այդ բանալին երբեք չէր լքել կինոռեժիսորի մոսկովյան բնակարանը և համարվում էր ընտանեկան մասունք:
Խորհրդային լեգենդար «Բուրատինոյի արկածները» ֆիլմը էկրաններ է բարձրացել 1975 թվականին: Ժամանակին ռեժիսորը ասում էր, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ ամենաարժեքավոր իրը «ոսկե բանալին» էր, բոլորը ցանկանում էին գողանալ այն:
Իրականում բանալին թանկարժեք չէ, այն պատրաստված չէ ոսկուց, սակայն, ինչպես նշել է ռեժիսորի կինը, այն խորհրդանշական արժեք ունի բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են ֆիլմի նկարահանումներին: