Հայ Ազգային Կոնգրեսը կուսակցություն չէ, կուսակցությունները միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ` երկրում վերականգնելու սահմանդրական կարգը, երկիրը դարձնել օրենքի ու օրինականության երկիր, որտեղ յուրաքանչյուրը հարգում է այն` ինչ որ գրված է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:
«Հեռանալով Կոնգրեսից` կամ դու հեռանում ես քո գաղափարներից, կամ գտել ես մեկ այլ ճանապարհ, որը քեզ ավելի հեշտ կտանի դեպի այդ խնդիրների իրականացումը, իսկ երրորդի մասին չեմ ուզում մտածել, որովհետև երրրոդը ինձ դուր չի գալիս, եթե կա երրորդը», – նշել է Զոյա Թադևոսյանը:
Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսից հեռացող մարդկանց մասին` Զոյա Թադևոսյանն ասել է, որ եթե նրանք գտել են ավելի կարճ ճանապարհ` լուծելու վերոնշյալ խնդիրները, որը չորս-հինգ տարի իրենք փորձում են լուծել, ուրեմն թող ցույց տան այդ ճանապարհը և միասին գնան այդ ճանապարհով:
«Իմ հարգելի գործընկերներ, եկեք ցույց տվեք, միասին գնանք այդ ճանապարհով, այդ կարճ ճանապարհը միասին կտրենք: Չէ՞ որ մենք պատասխանատու ենք ժողովրդի առջև: Ճիշտ է` ժողովուրդը մեծ հաշվով մեզ նեղացրեց, բայց այդ նույն ժողովուրդը վաղը մյուս օրը նորից գալու է և մեզանից է պահանջելու արդարության վերականգնում: Ժողովուրդը սխալվեց, իսկ մենք իրավունք չունենք սխալվելու, մենք պարտավոր ենք ծառայելու հավատարմությամբ: Ես ուզում եմ հասկանալ` ՀԱԿ-ից հեռացողները հոգնեցի՞ն, փոշմանեցի՞ն, վհատվեցի՞ն, թե՞ ուրիշ բան, այ էդ ուրիշ բանը չեմ ուզում մտածել, որով հետև ես հավատում եմ իմ ընկերներին: Եվ ես գիտեմ, որ այն փշոտ ճանապարհը, որ մենք կարողացանք հաղթահարել, այն տառապանքների միջով, որ մենք անցանք, ազատեցինք մեր քաղբանտարկյալ ընկերներին, ի վերջո ազաատգրեցինք մեր Ազատության հրապարակը, որ կարողացանք ի վերջո ժողովրդի մեջ վստահություն ներշնչել, կա գոյություն ունի մի քաղաքական ուժ, որը անշահախնդիր, առանց հետին պլանների, առանց ամբիցիաների, առանց գաղտնի համագործակցությունների այս իշխանությունների հետ, առանց սեփական շահերի բավարարման նպատակով, ուղղակի գնում է արդարության ճանապարհով, ուրեմն եկեք հավատարիմ մնանք մեր խոստմանը», – ասել է Զոյա Թադևոսյանը:
Նա նաև ասել է, որ թեև ժողովուրդը նախընտրեց փողը, բայց այդ փողը կծախսվի և էլի մի օր ժողովուրդը կհասկանա, որ վերջին հաշվով ճիշտը Կոնգրեսն էր:
«Ի վերջո կհասկանան, որ միակ ընդդիմադիր ուժը քաղաքական դաշտում Կոնգրեսն է` կա, եղել է ու կմնա», – եզրափակել է ՀԱԿ ներկայացուցիչը: