Զվարթ Կիրակոսյանը չգիտի, թե ներկա պահին ի՞նչ վիճակում է գտնվում իր որդին` զինծառայող Սուրեն Կիրակոսյանը, ով ապրիլի 5-ից «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ է գտնվում: Այդ մասին Զվարթ Կիրակոսյանն այսօր ասել է Epress.am-ի հետ զրույցում:
«Աննկարագրելի վիճակում եմ, չգիտեմ՝ ի՞նչ է լինելու: Ինչպե՞ս կարող է լինել քար անտարբերության մատնված 41 օր հացադուլի մեջ գտնվող, առանց այն էլ մի շարք առողջական խնդիրներ ունեցող տղաս», – ասել է նա ու ավելացրել, որ վաղը գնալու է Կապան՝ մասնակցելու որդու գործով դատական նիստին:
Կիրակոսյանն ասել է, որ չի կարողանում հոգեբանորեն տրամադրվել՝ ինչպե՞ս ու ի՞նչ վիճակում է տեսնելու որդուն ու արդյո՞ք վերջինիս կբերեն դատարան:
«Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից ինչ-որ մարդիկ են գնացել Սուրենի մոտ ու հորդորել են դուրս գալ հացադուլից, ինչից Սուրենը հրաժարվել է: Միակ հույսս այն է, որ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ներկայացրել, որում նշված է տղայիս բուժզննման մասին խնդրանքը, ու միջնորդել է հետազոտել Սուրենին: Հույս ունեմ, որ գոնե գրությունը դրական պատասխան կունենա, այլապես չգիտեմ՝ ինչ է լինելու որդուս հետ», – ասել է մայրը:
Նա նշել է, որ չի հասկանում նաև օրերս «Գորիս» քրեակատարողական հիմնարկից ստացված գրության իմաստը՝ որում նշված է, թե Սուրենը հիմա էլ հրաժարվում է բուժօգնությունից:
«Զարմանում եմ: 41 օր մարդը հաց չի կերել, ի՞նչ բուժօգնության մասին է խոսքը, այսինքն, ստացվում է, որ հացադուլավորին տալիս են, ասենք, գլխացավի դեղ կամ ինչ-որ մի դեղորա՞յք: Եթե մարդը հաց չի ուտում, սոված փորին ի՞նչ դեղորայք: Դեղերը խմում են հաց ուտելուց հետո, ուրեմն ի՞նչ է սա նշանակում: Բժիշկն ընդունում է, որ սա շատ նորմալ է, ու մի բան էլ պատճառաբանում են, որ տղաս հրաժարվում է, այդ պատճառով էլ իրենք ձեռնպահ են մնում: Իմ տղային բուժզննում է հարկավոր, ոչ թե բուժօգնություն», – եզրափակել է Զվարթ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի ի ծնե պիգմենտային խալեր:
Որոշ ժամանակ ծառայելոց հետո տղայի առողջական վիճակը վատացել է: Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր ՀՀ-ում փնտելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է, սակայն նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: