Home / Հայաստան / Զոլյանը կապ չունի արդարության հետ. վերլուծական

Զոլյանը կապ չունի արդարության հետ. վերլուծական

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակում է տեռորի մեջ պահել բուհը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։

Թերթը նշում է, որ նրա ուղղորդմամբ որոշ ուսանողներ և ուսանողական խմբեր շարունակում են հայտարարել, որ եթե չլինի Զոլյանը, ապա Հայաստանում կվերանան օտար լեզուների ուսուցումն ու դրա հետ կապված բոլոր հեռանկարները։

«ՉԻ»-ն նշում է, որ չի ժխտում, թե ռեկտորի փոփոխությունը կարող էր փողոց դուրս բերել նաև Բրյուսովի բազմաթիվ ազնիվ ուսանողների, որոնց համար կարևորն արդարության համար պայքարի մեջ լինելն է։

«Միանգամից փաստենք, որ Զոլյանը կապ չունի արդարության հետ, բայց ՀՀ իշխանության նկատմամբ ընդհանուր դժգոհությունը հանգեցնում է նրան, որ իշխանության ներկայացուցիչը, տվյալ պարագայում՝ Արմեն Աշոտյանը, դառնում է շատերի աչքի գրողը այն ժամանակ, երբ փորձում է ինչ-որ մեկին «ձեոք տալ»։ Իշխանության լեգիտիմության ճգնաժամն Է պատճառը, որ նրա ցանկացած որոշում դժգոհողների ահռելի բանակ է «հավաքում», բանակ, որն ակամայից սկսում է պաշտպանել ընտրված «թիրախը» հարձակումներից։

Սուրեն Զոլյանը շարունակում է «օկուպացված» պահել Բրյուսովի ռեկտորի «կաբինետը» և հրաժարվում է ռեկտորի պաշտոնակատարին հանձնել բանալին։ Զոլյանն այդ ամենն անում է՝ զուգահեռաբար ընդդիմադիր գործչի և հալածյալի կերպար ստեղծելով, որպեսզի նրան ոչ միայն չդատապարտի հանրային կարծիքը, այլ նաև հիանա, թե տեսեք մարդը բոլոր միջոցներով է պայքարում իր իրավունքների համար։

Իրականում Զոլյանը պատկանում է այն ռեկտորների շարքին, որոնք պաշտոնավարել են բացառապես իշխանությանը քծնելու, նրան ծառայություն մատուցելու գնով։ Սրան գումարած Զոլյանը քաղաքագետ է, և նա իր քաղաքագիտական ծառայություններն է մատուցել ռեժիմին նրա համար ծանր պահերին՝ 2008 թվականի նախագահական ընտրություններ, մարտի 1, դրան հետևած ժամանակաշրջան և այլն։ Մոռացե՞լ եք, որ Զոլյանն այդ օրերին դարձել էր իշխանական քարոզչամեքենայի «դեմքը», նրան պտտեցնում էին առիթ ու անառիթ, ու սա էլ առիթ ու անառիթ սկսում էր խոսել ընդդիմության իրականացրած հրեշավոր քայլերի մասին՝ իշխանության անսահման հանդուրժողականության և բարեպաշտության ֆոնին», – գրում է թերթը։

«ՉԻ»-ն ընդգծում է, որ հիմա Զոլյանը սկսել է խոսել երկրի խնդիրներից, օրինակ, նա հայտարարում է, թե կրթության համակարգում գործում են այն օրենքները, ինչ որ ֆեոդալական համակարգում։

«Պարոն Զոլյանը մոռանում է, որ ֆեոդալական կարգերն, օրինակ, Բրյուսովում հիմնադրվել և բուռն ծաղկում են ապրել հենց իր պաշտոնավարման տարիներին։ Այս տարիների ընթացքում «ՉԻ»-ն պարբերաբար դիմում-բողոքներ է ստացել այն դասախոսներից, որոնք աշխատանքին հրաժեշտ են տվել Զոլյանի մեկ գրչի հարվածով միայն։ Առանց պատճառաբանության, մեկնաբանության, առանց օրինական հիմքերի այդ մարդիկ զրկվել են բուհում դասավանդելու կամ աշխատելու իրավունքից։ Իսկ ուսանողները։ Եղել են այնպիսիները, որոնք տարեվերջյան քննության ժամանակ են միայն հայտնաբերել, որ մեկ տարի է արդեն՝ չեն սովորում այդ բուհում, իսկ ուսման վարձը, որն ահռելի թվերի է հասնում, Զոլյանը չի զլացել վերցնել ու վերջում էլ մուննաթ գալ այն ուսանողի վրա, որը փորձ է արել գումարային պահանջ դնել ռեկտորի առջև կամ բացատրություն պահանջել, թե եթե ես այլևս ձեր ուսանողը չէի, ապա ինչո՞ւ ինձանից գանձեցիք ուսման վարձը։ Նույն Զոլյանը չէ՞ր արդյոք, որ իր բուհի ուսանողներին և դասախոսներին «քշում» էր հրապարակներ՝ նրանց հրահանգելով մասնակցել իշխանության կազմակերպած հանրահավաքներին և համերգային ծրագրերին։ Զոլյանը չէ՞ր, որ ստիպում էր ուսանողներին իրենից գնել այս կամ այն գիրքը, ձեռնարկը լրացուցիչ գումարների հոսք ապահովելով իր համար։ Կրթության և գիտության նախարարները բոլորն էլ իմացել են, որ Զոլյանն արտոնյալ է բոլոր ռեկտորներից, իմացել են, որ նա մոնոպոլիստ է՝ ռեկտորի պաշտոնի հավակնության առումով։ Իմացել են ու մտածել՝ «կլյաուզնիկ ա», և ուրեմն՝ պետք չէ իզուր գլխացավանքի մեջ ընկնել», – գրում է թերթը։

Հոդվածագիրը նաև ընդգծում է, որ իշխանությունն է Զոլյանին հնարավորություն տվել դառնալու ֆեոդալ և իր կառավարման ոլորտում հաստատել ֆեոդալական բարքեր։

«Իշխանությունն է Զոլյանին արտոնել, որ նա թքած ունենա ցանկացած նախարարի ցանկացած որոշման վրա։ Իշխանությունն է քաղաքագետից «բեսպրեդելշիկ» ու «աբիժնիկ» ստացել։ Ճիշտ է անում Սուրեն Զոլյանը, երբ առանձնակի դաժանությամբ ընդգծում է, որ նախագահական ընտրություններին եղել է Սերժ Սարգսյանի վստահված անձը։ Նա ակնկալիք ունի, որ իր ապօրինի գործողությունները բուհի ներսում վերջում «կներվեն»: Զոլյանի ակնկալիքները կարդարանան, թե ոչ՝ ցույց կտա առաջիկա շաբաթը», – եզրափակում է «ՉԻ»-ն: