Երևանի կենտրոնում գտնվող DIY բարի պայթեցնելը հանցագործություն է և դրան պետք է իրավական գնահատական տրվի: Epress.am-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հիշեցնելով, որ ինքը եղել է առաջիններից մեկը, ով դատապարտել է ազգայնական խմբավորման այդ գործողությունը:
«Ես հարգում եմ այս ակումբի սեփականատիրոջը, քանի որ նա շատ հստակ քաղաքացիական դիրքորոշում է արտահայտել տարբեր բնապահպանական և այլ կարևոր հարցերում: Իմանալով, որ բարը պայթեցրել են, և ոստիկանությունը գործողություններ չի ձեռնարկում, ես գնացել եմ բար և պահանջել, որ ոստիկանները գան: Մեղավորների պատժելուց հետո, պետք է զբաղվել նաև փոխհատուցման ապահովմամբ»,- ասել է Զարուհի Փոստանջյանը` խուսափելով, սակայն այլ կուսակցությունների`մասնավորապես ՀՅԴ ներակայացուցիչների դիրքորոշումը մեկնաբանելուց:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը վճարել է բարը պայթեցրած իրանահայ եղբայրներից մեկի` Արամեի ազատ արձակման գրավը:
«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն էլ նկատել է, որ Արծվիկ Մինասյանի քայլերը ազդելու են հենց իրենց` ՀՅԴ-ի վարկանիշի վրա:
«Ես չեմ ուզում խառնվել Ծոմակի (բարի սեփականատեր Ծոմակ Օգանեզովա – խմբ.) գործերին, և չեմ ուզում խառնվել Արծվիկ Մինասյանի գործերին: Եթե ինչ-որ բան քեզ դուր չի գալիս, դու քո ասածի իրավացիությունն ապացուցի, սակայն դա անել չի կարելի բռնության միջոցով», – ասել է Սանասարյանը:
Մեր զրուցակիցը նկատել է, որ անհանդուրժողականությունը լրջագույն խնդիր է մեր հասարակության մեջ, որից վեր կանգել դեռ չի հաջողվում:
«Պետք է տարբերել, թե որն է ազգային արժեքները և որն է ֆաշիզմը: Ազգայինը Մասիսի կենացը խմելը չէ: Որպես «Ժառանգության» ներկայացուցիչ` իմ համար կարևոր է այն, որ որ յուրաքանչյուր հայ մարդու իրավունքները պաշտպանված լինեն իր երկրում, որ նա ազատություն ունենա արտահայտել իր կարծիքը, դիրքորոշումը»,- ասել է Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ երիտասարդների մի խումբ ևս մեկ անգամ հարձակում է գործել բարի վրա` թքելով ակումբի դռնից ներս և պոկելով հակաֆաշիստական պաստառները: