Րաֆֆի Հովհաննիսյանը որպես այլընտրանքային լուծման տարբերակ` առաջարկել է, որ ցուցակի առաջին եռյակը` ինքը, Խաչատուր Քոքոբելյանը և Ալիկ Արզումանյանը, հրաժարվեն իրենց մանդատներից, որպեսզի իրենց փոխարեն խորհրդարան գնան Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, ինչպես նաև «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում կատարելով իր աղբյուրին:
Թերթը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկը հիմնավորել է մոտավորապես հետևյալ կերպ, որ անցած հինգ տարիների փորձը ցույց տվեց, որ ինքը հազվադեպ է հաճախել խորհրդարան և տարվա կեսն արտերկրներում գործուղման է մեկնել, հետևաբար օրենսդիր գործունեության տեսանկյունից առավել նպատակահարմար կլինի, որ իրեն փոխարինեն առավել պարտաճանաչ անձինք: Ապա նաև Քոքոբելյանին է փորձել համոզել, որ նա էլ օրենք գրող չէ, իսկ Փոստանջյանի մասով նկատել է, թե վերջինս մշտապես փողոցներում է պայքարել և դրա համար պարտադիր չէ խորհրդարան մտնել: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը սվիններով են ընդունել: Թե ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Քոքոբելյանն է անհամաձայնություն հայտնել, թե Զարուհի Փոստանջյանը: Վերջինս առաջարկել է, որ մանդատից հրաժարվի կուսակցության փոխնախագահը` 5-րդ տեղը զբաղեցնող Ռուբեն Հակոբյանը, նշելով, որ ինքն անցած հինգ տարիների ընթացքում շատ ավելի մեծ ներդրում է ունեցել կուսակցության համար, քան Հակոբյանը: Սակայն եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի այս անձանց համոզել, մի ուրիշ խնդիր էլ կա` ոչ մի երաշխիք չկա, որ մինչև Ստյոպա Սաֆարյան կամ Անահիտ Բախշյան մյուս անունները հոժարակամ ինքնաբացարկ կներկայացնեն, գրում է «Հրապարակը»: Հետևաբար միակ ելքը նախ բոլորից ինքնաբացարկի դիմումներ ստանալն է:
Թերթի աղբյուրը չի բացառել նաև, որ համաձայնության չգալու դեպքում հունիսի 2-ի համագումարում հնարավոր է` Րաֆֆի Հովհաննիսյանը և նոր վարչությունն ընդունեն մի փաստաթուղթ, որ միասնական դաշինքն ըստ էության չի տվել սպասված արդյունքը, և որոշում կայացնեն միայն «Ժառանգության» անդամներով խորհրդարան մտնելու մասին: Հանրային սպեկտորի ներկայացուցիչների` Թևան Պողոսյանի և Իզաբելլա Աբգարյանի մանդատ ստանալու հարցն իսպառ փակված է, և նրանցից ոչ մեկը խորհրդարան չի անցնի: