Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրությունների՞ն

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրությունների՞ն

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտմտում է վայր դնել իր պատգամավորական մանդատը և առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իշխանական շրջանակներում իր աղբյուրին:

Թերթը նշում է, որ «Ժառանգության» առաջնորդն ամեն ինչ անելու է` ընդդիմադիր դաշտում տեղավորված ուժերի նախագահի միասնական թեկնածու հռչակվելու համար` այդ ընթացքում հարվածներ հասցնելով Հայ ազգային կոնգրեսին և նրա առաջնորդին:

Հովհաննիսյանը, ըստ նույն աղբյուրների, փորձելու է իր շուրջը հավաքել Կոնգրեսից դուրս կամ դժգոհ մնացած որոշ շրջանակների ու հնարավորինս շուտ կոնսոլիդացնել այդ տարրերին, քանի դեռ Կոնգրեսը չի հասցրել վերակազմակերպվել խորհրդարանական ընտրություններից հետո և կոնսոլիդացնել իր ուժերը:

«Այս ընթացքում «Ժառանգության» անդամները արդեն իսկ լծված էին Հայ ազգային կոնգրեսի դեմ բուռն գործունեություն ծավալելու «առաքելությանը». լրատվական կայքերում, սոցցանցերում «Ժառանգության» ներկայացուցիչները ԱԺ ընտրությունների ընթացքում նույնպես զբաղված էին բացառապես Կոնգրեսի դեմ քարոզչություն ծավալելով ու այնքան ինքնամոռաց էին դա անում, որ չէին նկատում, որ որևէ քննադատական խոսք չեն հնչեցնում իշխող ռեժիմի, մասնավորապես, ՀՀԿ-ի հասցեին: Մի խոսքով, հող էին նախապատրաստում իրենց առաջնորդի ծրագրի իրականացման համար», – գրում է «Հայկական ժամանակը»:

Թերթը նաև կապվել է «Ժառանգության» ցուցակով խորհրդարան անցած, Հայ Ազգային Կոնգրեսի նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ` հարցնելով, թե ինչու չի կայացել Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսը: «Մեծ ասելիք չկար»,- պատասխանել է Արզումանյանը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե հնարավոր է` Հովհաննիսյանը մանդատից հրաժարվի և նախագահի թեկնածու առաջադրվի, Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Մեզ նման բան չի ասել, բայց որևէ բան չի բացառվում, կյանքը թելադրում է, քաղաքական գործընթացները, զարգացումները ստիպում են քայլեր, եթե անհրաժեշտություն լինի կամ նպատակահարմար գտնվի` կանենք, չէ` չենք անի»:

Թերթի թղթակցի այն հարցին, թե արդյոք Արզումանյանը կսատարի Հովհաննիրսյանին առաջադրվելու դեպքում` նա հայտարարել է. «Երբ առաջադրվի, կպատասխանեմ»: