ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հեռուստաբանավեճի է հրավիրել հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո), ով, համաձայն ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Փաշինյանից ավելի շատ ձայն է հավաքել: Փաշինյանը խորհրդարան է անցել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով: Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամն Ալեքսանյանին բանավեճի հրավեր էր արել նաև ԱԺ ընտրություններից առաջ, սակայն վերջինս չէր համաձայնել:
Փաշինյանը, այսպիսով, պատասխանել է Ալեքսանյանի իրեն ուղղված նամակին, որտեղ օլիգարխը շնորհավորում է ՀԱԿ անդամին համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում է ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը:
«Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր և թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջև հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում», – ասված է Ալեքսանյանի նամակում:
Իր պատասխան ուղերձի սկզբում Փաշինյանը նշել է, որ ի սրտե ուրախացել է՝ տեսնելով Ալեքսանյանի ձեռամբ գրված հրավերի տեքստը:
«Դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում:
Որպես «պատգամավորական գործընկեր» վերահաստատում եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճելու ձեզ ուղղված իմ հրավերը, որի ընթացքում կքննարկենք ձեր տեքստում բերված թեմաները եւ ոչ միայն. ընտրությունների ընթացքը, դրա օրինականությունը, քաղաքական իրավիճակը Հայաստանում, սպառողական գները ընտրություններից հետո, մեր ապագա գործունեությունը խորհրդարանում:
Առաջարկում եմ հեռուստաբանավեճը կազմակերպել մայիսի 20-ի երեկոյան, որևէ հեռուստաընկերության ուղիղ եթերում: Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք, և համակված չեք լինի ընկճախտի սինդրոմով, միայն այդ դեպքում ձեր խնջույքի հրավերի քննարկումը իմաստ կունենա:
Ինչ վերաբերում է ինձ և թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին, համոզված եմ, ձեր երկարամյա գործունեության ընթացքում թիվ 7 ընտրատարածքում երբեք այնքան իրական ընտրող չեք ունեցել, որքան իմ օգտին քվեարկել է 2012թ. մայիսի 6-ին», – գրել է Նիկոլ Փաշինյանը: