Եթե Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա ստեղծեն, դրանից կօգտվի ՀՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն միանշանակ կտուժի: Այս տեսակետն է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Ըստ նրա` ՀՀԿ-ն ԲՀԿ-ի կարիքը չունի. կուսակցությունը խորհրդարանում ունի 75 տեղ, քանի որ նրա քվեների հետ կարելի է հաշվել նաև ՕԵԿ-ի ձայները:
«Ինչպես հայտնի ֆիլմում են ասում` երբ ասում եմ Մուրադ, Արուսը հետն է», – ասել է Բադալյանը:
Փորձագետի խոսքով` ԲՀԿ-ի համար ձայն են տվել ընտրակաշառք վերցրած մարդիկ, մարդիկ, ովքեր ԲՀԿ-ն ընկալել են որպես ՀՀԿ-ի այլընտրանք, և Գագիկ Ծառուկյանին համակրող մարդիկ:
«Եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, նրանից երես կթեքեն ԲՀԿ-ին որպես ՀՀԿ-ի այլընտրանք ընկալող մարդիկ և նրանք, ովքեր համակրում են Գագիկ Ծառուկյանին, ում կսկսեն նույնացնել Արթուր Բաղդասարյանի հետ: Վերջապես ԲՀԿ-ն ֆինանսական ռեսուրսը ևս մինչև 2017թ. կկորցնի և չի կարողանա ֆինանսապես շահագրգռել ընտրողներին»,- ասել է քաղաքագետը:
Բադալյանը դժվարացել է գուշակել` ինչ որոշում կկայացնի ԲՀԿ-ն, սակայն կոալիցա չմտնելու դեպքում, ըստ Բադալյանի, այդ կուսակցությունը պետք է նաև որակական փոփոխություն ունենա, այսինքն` հստակ միջազգային կենտրոններից մեկին հարի:
Փորձագետը հորդորել է ուշադրություն չդարձնել քաղաքական ուժերին տրված տոկոսներին, քանի որ հայտնի չէ` քանի մարդ է մասնակցել ընտրություններին: Ինչ վերաբերում է փողոցում հեղափոխության հասնելու մեթոդին` Բադալյանը ասել է, որ դրանով հաջողության հասնել անհնար է, եթե չկա դրսի ուժի աջակցություն:
«Հասարակությունը ինչքան էլ փորձի, փողոցով ոչ մի փոփոխության չի հասնի: Եթե չկա դրսի ուժի առկայություն` հեղափոխություն չի լինի: Բոլոր հեղափոխությունները` Ուկրաինայում, Վրաստանում, արաբական երկրներում, ունեն Արևմուտքի աջակցությունը»,- ասել է Բադալյանը: