Քաղաքացի Սամվել Հարությունյանի վճռաբեկ բողոքը` քրեական գործ հարուցել իր որդուն ծեծած դատավոր Արման Թովմասյանի նկատմամբ, մերժվել է:
Այս մասին Epress.am-ին հայտնել է Սամվել Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները ևս մերժել էին բողոքը` չներկայացնելով մերժման հիմնավորումները:
Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում է Ստեփանավանի սուպերմարկետում հերթի պատճառով ծավալված վեճի հետևանքով ծագած ծեծկռտուքին, երբ դատավոր Արման Թովմասյանը, Սամվել Հարությունյանի պնդմամբ, չորս կարգադրիչների հետ ծեծի է ենթարկել նրա որդուն` Աշոտ Հարությունյանին:
Նշենք, որ, իր հերթին, գործի առնչությամբ դատարան բողոք է ներկայացրել նաև Հարությունյանին ծեծած դատավորը` նշելով, թե հենց տղան է ծեծի ենթարկել իրեն: Այս բողոքը Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է և Հարությունյանին դատապարտել մեկ տարի ազատազրկման: Պատիժը վերջինս չի կրել` համաներմամբ ազատ արձակվելով, սակայն իրավական գործը մնացել է ուժի մեջ, ինչի պատճառով էլ Արամ Հարությունյանը չի կարողացել առաջադրվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Վանաձորում:
Այս դատական վճռի դեմ Հարությունյանը ևս բողոքում է: Մայիսի 15-ին տեղի է ունեցել վճռի վերաքննիչ բողոքի քննության առաջին նիստը: Դատավորների կազմը, որ ընդունել էր գործը վարույթ, փոխված է եղել: Այդ մասին դատարանում իմանալով` իր մտահոգությունն է հայտնել փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը նաև իր դժգոհությունն է հայտնել առ այն, թե ինչու դատավորը թույլ չի տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցել դատական նիստին:
«Դատավորը իմ բողոքներին արհամարական պատասխան տվեց, և ես էլ ասացի, որ անարդար որոշում ընդունողները օրենքի առաջ ի վերջո պատասխան են տալիս: Նա էլ միջանցքում նիստից հետո մոտեցավ ու ասաց, թե` «ո՞ր անօրեն որոշման համար ո՞ր դատավորն է պատժվել»», – պատմել է Տիգրան Հայրապետյանը:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 22-ին: