Քաղաքացիներ Վահրամ Մարգարյանի և Բորիս Հակոբյանի վերաբերյալ դատը լուսաբանելու նպատակով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այցելելով` «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակիցը անակնկալ հանդիպում է ունեցել:
«Դատարանում, նույն գործով դատավարությանը ներկա է եղել «ՀԺ» թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի «վաղեմի բարեկամը»` Աշոտ Ֆրանգուլյանը», – գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը կալանավորել էր Հայկ Գևորգյանին փետրվարի 3-ին: Գևորգյանը մեղադրվում էր Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու մեջ: Ավելի ուշ, հանրային լուրջ դժգոհության պատճառով Գևորգյանին բաց էին թողել: Լրագրողը նշել էր, որ վրաերթի փաստ չի եղել, իսկ իր հանդեպ իրականացվող գործողությունները նա որակել էր որպես հետապնդում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից:
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը դատարանում պարզել է, որ Ֆրանգուլյանը որպես վկա է անցնում նաև Վահրամ Մարգարյանի (2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է) և Բորիս Հակոբյանի գործով, և, ըստ գործի նյութերի, անցյալ տարվա օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում կատարված աղմկոտ սպանության ականատեսն է:
Օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում սպանվել էր ՌԴ 46-ամյա քաղաքացի Խաչիկ Գալոյանը: Դրանից անմիջապես հետո Բորիս Հակոբյանը ներկայացել էր ոստիկանություն, հանձնել «Մակարով» տեսակի այն հրազենը, որից սպանվել էր Խաչիկ Գալոյանը և ասել, որ սպանություն կատարողը հենց ինքն է, սակայն ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել նաև Վահրամ Մարգարյանին:
Թերթը նշում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է Ֆրանգուլյանի ցուցմունքների վրա: Նրա ներկայությունը դատարանում հասկանալիորեն գրգռել է ամբաստանյալի հարազատներին: Ամբաստանյալ Բորիս Հակոբյանի որդին` Սարգիս Հակոբյանը, դատարանի միջանցքում վիճաբանել է Ֆրանգուլյանի հետ` նրան մեղադրելով սուտ ցուցմունքներ տալու համար, և վեճի ընթացքում վերջինս ընկել է գետնին ու բղավել. «Մի սպանիր, մի սպանիր»: Դրանից հետո խառնաշփոթ է ստեղծվել, ինչից հետո Սարգիսը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ Ֆրանգուլյանի համար շտապ օգնություն է կանչվել: Նրան հետազոտած բժիշկները, սակայն, ավելի ուշ թերթի թղթակցին ասել են, որ Ֆրանգուլյանի մոտ որևէ մարմնական վնասվածք չեն արձանագրել, ուղղակի նա իրեն «մի քիչ» վատ էր զգացել: Իսկ դատարանի միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում` խուլիգանության հոդվածով: Այսինքն, չի բացառվում, որ Ֆրանգուլյանի ձեռքով դատվի ոչ միայն Բորիս Հակոբյանը, այլև` նրա որդին:
Թերթը զավեշտալի է համարում այն փաստը, որ Հայկ Գևորգյանի հետ կապված խայտառակ պատմությունից հետո ոստիկանությունը կրկին փորձում է օգտագործել Ֆրանգուլյանին:
«Տվյալ գործի շրջանակներում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հունվարին Հայկ Գևորգյանի դեմ հատուկ պլանավորված ոստիկանական օպերացիա էր իրականացվել , որը Վովա Գասպարյանը ի վիճակի չեղավ մինչև վերջ տանել: Ի դեպ, երեկվա դատական նիստում Բորիս Հակոբյանի պաշտպանը միջնորդել է` որպես վկա դատարան հրավիրել մի մարդու, որը կփաստի, որ սպանության օրը և ժամին ինքն ու Աշոտ Ֆրանգուլյանը բոլորովին ուրիշ վայրում շինարարությամբ են զբաղված եղել, մինչդեռ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայրից փախչելիս տեսել է Վահրամ Մարգարյանին», – գրում է թերթը: