Մայիսի 16-ին Կաննում մեկնարկած միջազգային կինոփառատոնի շուրջ սկանդալ է ծավալվել: Փառատոնի կազմակերպիչներին մեղադրել են սեքսիզմի մեջ: Ֆրանսիայի կինոմատոգրաֆիստները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ փառատոնին ներկայացված 22 ֆիլմերի ռեժիսորների և սցենարիստների թվում չկա և ոչ մի կին: Le Monde պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակների կարծիքով` փառատոնի կազմակերպիչները դիտավորյալ նման «զտիչ» են օգտագործել:
Հեգնական ուղերձը պատրաստել են Վիրջինի Դեպանտը և Ֆենի Կոտենսոնը, ովքեր 2000 թվականին նկարահանել են «Baise Moi» («Շինի ինձ») ժապավենը: Ֆիլմը նվիրված էր կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքին:
«Տղամարդիկ ասում են, որ կանանց մեջ սիրում են խորությունը, սակայն միայն երբ խոսքը գնում է զգեստի բացվածքի խորության մասին: «Երջանիկ պատահականությամբ» բոլոր այն ֆիլմերը, որոնք կպայքարեն «Ոսկե արմավենու» համար, ստեղծվել են տղամարդկանց կողմից»,- ռեժիսորների խոսքերն է մեջբերում ВВС-ն:
Կաննի կինոփառատոնի տնօրեն Տյերի Ֆրեմոն մեղադրանքներն անհիմն է անվանել: Նրա խոսքով` մրցույթի ղեկավարները երբեք ֆիլմը անարժան չեն համարի միայն նրա համար, որ այն կին է նկարահանել: Սակայն փառատոնի գոյության 64 տարիների ընթացքում «Ոսկե արմավենի» միայն մեկ անգամ է կին ռեժիսոր ստացել: 1993 թվականին Ջեյն Քեմփիոնը մրցանակի էր արժանացել «Դաշնամուրը» ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ Կաննի 65-րդ փառատոնը անցկացվելու է մայիսի 16-ից 27-ն ընկած ժամանակահատվածում: Վերջին օրը հայտնի են դառնալու մրցանակակիրների անունները: