Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բողոքն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի մերժելու մասին որոշում է հրապարակել: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
«Մենք պահանջում ենք, որպեսզի դատարանը նորից քննի Մհեր Ենոքյանի գործը և նոր պատիժ սահմանի, քանի որ այն պատիժը, որ հիմա նա կրում է, օրենքի խախտումով է սահմանվել»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ համակուրսեցուն սպանելու մեջ մեղադրվող Ենոքյանը 1996թ. դատապարտվել էր մահապատժի, սակայն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել և սահմանվել նոր պատիժ` ցմահ ազատազրկում: Ռևազյանը պարզաբանել է, որ պատիժ նշանակելը բացառապես դատարանի իրավունքն է:
Բողոքի պահանջներից է նաև նոր դատական որոշմամբ սահմանել մինչև 20 տարի ազատազրկում, քանի որ մինչև 2003թ. գործող նախկին Քրեական օրենսգիրքի համաձայն եթե ներման ակտ է շնորհվում մահապատժի դատապարտված անձանց, ապա նրանց պատիժը կարող է նշանակվել 15-20 տարի:
Հիշեցնենք, որ Ենոքյանի գործի նոր քննություն սկսելու խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նամակով դիմել են 200 արվեստագետներ: Նշենք նաև, որ, ըստ փաստաբանի, նոր քննությունը պարտադիր է, քանի որ դեպքից 16 տարի անց հայտնի են դարձել նոր կարևոր մանրամասներ:
Մհեր Ենոքյանը դատարանի որոշումը բողոքարկում է վերաքննիչ դատարանում: