ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է, գրում է «168» ժամ պարբերականը:
Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձևական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի: Կոալիցաի կազմելու դեմ է նաև ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համարը` Գուրգեն Արսենյանը: Քանի որ ԲՀԿ-ում դժգոհողների քանակն ավելի մեծ է, Օսկանյանը մտածում է ԱԺ-ում առանձին թիմ ձևավորելու մասին ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է տանում:
«Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Օսկանյանի ու Արսենյանի կարծիքը կիսում են նաև ԲՀԿ համամասնական ցուցակի 7-րդ, 9-րդ և 11-րդ հորիզոնականները զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը: Չի բացառվում, որ կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ-ի նշված 5 անդամները դուրս գան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնեն», – գրում է «168» ժամը:
Թերթը նաև նշում է, որ տեղեկություններ կան, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խմբակցության հնարավոր պառակտումը կանխելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել է Վարդան Օսկանյանին ԱԺ նախագահ նշանակել: Պարբերականն ընդգծում է, որ Օսկանյանն իրականում դեմ չէ այդ տարբերակին: