Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ կազմակերպվող խնջույքներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնպահ է մնում քաղաքական խնդիրներ քննարկելուց, գրում է «Հրապարակ» օրաթերթը` հավելելով, որ այնուամենայնիվ որոշ բացահայտումներ արվում են:
«Մասնավորապես, այն հետաքրքրասերներին, ովքեր ուզում են իմանալ, թե ի վերջո լինելու է դաշինք ԲՀԿ-ի հետ, նախագահ Սարգսյանը հասկացնում է, որ պետք չէ առանձնացնել ԲՀԿ-ին խորհրդարան անցած մյուս կուսակցություններից, թեև նրանց մեջ ամենաշատ ձայն ստացածը ԲՀԿ-ն է: Սարգսյանն ասել է, որ ինքը մտադիր է առաջիկայում իր մոտ հրավիրել խորհրդարան անցած չորս կուսակցությունների ներկայացուցիչներին` ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն», բացառությամբ ՀԱԿ-ի, և նրանց համագործակցության առաջարկ անել», – գրում է «Հրապարակը»:
Համաձայն թերթի, այդ համագործակցությունը կարող է լինել ինչպես կառավարության ձևավորման մակարդակով, այնպես էլ խորհրդարանում: Սարգսյանը հասկացրել է, որ ինքն ակնկալում է լսել նրանց տեսակետները համագործակցության ձևաչափի և ոլորտների վերաբերյալ, և դրանք հաշվի առնելով` որոշում կկայացվի, թե ինչպիսի կառուցվածք կունենան կառավարությունը և խորհրդարանը: