Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր կայացած գործադիր մարմնի նիստում միմիայն քննարկել է ռազմավարության հետ կապված հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ կոնկրետ պաշտոններին վերաբերող հարցեր նիստի ընթացքում չեն արծարծվել:
«Վերջնական որոշում դեռևս չկա: Անուն-ազգանուն որևէ անձի հետ կապված չի քննարկվել», – հայտարարել է Շարմազանովը:
Նա նշել է, որ քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ստացել Ազգային Ժողովում, ապա տրամաբանական է, որ ցուցակում ընդգրկված մարդկանց մի մասը կգնա խորհրադարան, մյուս մասը կաշխատի գործադիր մարմնում, ինչպես նաև կլինեն համայնքների ղեկավարներ:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, նիստին ներկա էին ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ահա ՀՀ ԱԺ նախկին նախագահ, անցած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը չէր եկել: Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանը բացակայում էր «հարգելի պատճառներով»: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ժամանեց ուշացումով, երբ ՀՀԿ-ականներն արդեն մոտ մեկ ժամ գրասենյակում էին գտնվում:
Նիստի վերջում Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել հնարավոր կոալիցիայի և նշանակումների մասին հարցին՝ ասելով հետևյալ նախադասությունը.
«Կտեսնենք դեռ: Քաղաքական պրոցեսներ են, ինչու եք շտապում: Հենց որ լինի, միանգամից մենք հայտարարելու ենք»: