ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների միջև դաշինք անպայման կկայանա, թեև հայտնի չէ` դա կլինի կոալիցիայի տեսքով, թե ոչ: Այս տեսակետը լրագրողների հանդիպման ժամանակ հայտնել է ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով` ԱԺ ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը թիվ 27 ընտրատարածքում ՀՀԿ-ի հետ հավասար իր դեմ է պայքարել:
Նշենք, որ տվյալ ընտրատարածքում ՀՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրված էր Համլետ Հարությունյանը, իսկ ԲՀԿ-ից` Մուրադ Գուլոյանը, ով էլ ընտրվեց պատգամավոր:
Բանախոսը հիշեցրել է, որ ինքը կանխատեսել էր, որ այս ընտրությունները խայտառակ են լինելու, ինչը պարզ էր արդեն փետրվարին կայացած Հրազդանի ընտրություններից հետո:
«Էս էն երկիրն ա, որտեղ դեմոկրատիայի անվան տակ գալիս են Եվրոպայից, և կոռուպցիայի դրոշակ են ծածանում: Պարզվեց, որ սոված մարդը ոչ հայրենիք ունի, ոչ երեխա, պարզվեց, որ քառասուներեք տոկոս սոված մարդ ձայն տվեց ՀՀԿ-ին», – ասել է Եղիազարյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ը վերջերս լքած մի քանի ուժերին` Եղիազարյանն ասել է, որ առայժմ մեկնաբանություններ չի անի, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ասել է, որ ընդդիադիր մնալը չորս տարի շարունակ դժվար է:
Եղիազարյանը նաև կարևորել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դերը Կոնգրեսում` նշելով, որ «չկա Տեր-Պետրոսյան, չկա շարժում»: