Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր կոթողային մասնաշենքի վերակերտման և հիմնանորոգման աշխտանքներն ավարտական փուլում են. մինչև ամսվա վերջ դրանք ավարտին կհասցվեն, որին կհաջորդի կահավորման և ցուցասրահների կազմավորման գործը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Նա տեղեկացրել է, որ եթե իրենք նախկինում ունեին երկու ցուցասրահ, ապա վերանորոգված Մատենադարանում կունենան ցուցադրություների 12 սրահ, ինչը հնարավորություն կտա դինամիկ, փոփոխական ցուցադրություններով, պատշաճ մակարդակով ներկայացնել և հանրահռչակել հոգևոր արժեքները, ինչը, Թամրազյանի խոսքով, ենթադրում է նաև զբոսաշրջության ներհոսք. «Դրա հետ միասին Մատենադարանի հին մասնաշենքում մենք պահպանում ենք երկու ստրատեգիական նշանակություն ունեցող պահոցներ, նախատեսում ենք ձեռագրերի և արխիվային ֆոնդերի հարստացման համար, որոնք օր օրի հարստանում են հարյուրավոր, հազարավոր փաստաթղթերով: Պահպանել ենք նաև 5-րդ հարկում լաբորատոր համակարգեր, որտեղ զետեղելու ենք մեր լաբորատորիաները, ինչպես նաև որոշ աշխատասենյակներ: Կունենանք նաև «վիրտուալ Մատենադարան» կոչվող ցուցասրահ-դահլիճ` նախատեսված գիտաժողովների համար, կրթական ծրագրերի համար, որը կունենա էլեկտրոնային մեծ պատ, որտեղ կցուցադրվեն տարբեր խմբերի համար, հիմնականում դպրոցական տարիքի երեխաների հոծ խմբերի համար` Մատենադարանին վերաբերող ֆիլմաշարեր: Միաժամանակ այն կծառայի իբրև գիտական համաժողովների համար նախատեսված փոքր դահլիճ», – ասել է Մատենադարանի տնօրենը:
Վերջինս նաև նշել է, որ Մատենադարանի հին մասնաշենքում փոփոխություններ կան, հիմնակառույցը պահպանվել է, բայց ամբողջ ինժեներական համակարգը և ներքին հարդարանքը փոխվել է:
«Մի խոսքով՝ Մատենադարանի հին և նոր մասնաշենքերի համալիրը կդառնա մի բացառիկ կառույց ոչ միայն Հայաստանում, այն ընդհանրապես աշխարհի եզակի կառույցներից մեկը կլինի, իր ներքին կառուցվածքով և իր հարմարավետությամբ ու աշխատանքային պայմաններով: Մատենադարանի աշխատակազմը արդեն անցել է 270-ից: Մենք հինգ տարի առաջ նախանշել էինք, որ աշխատակազմը կեռապատկվի, և կարծես մոտենում ենք այդ նիշին»,- ասել է Հրաչյա Թամրազյանը:
Մատենադարանի շրջակա տարածքներում ևս կատարվել են էական փոփոխություններ: Դեպի Մատենադարան տանող տարածքի լուսավորումն է ապահովված, բացի այդ, հիմա դեպի Մատենադարան բարձրացող ճանապարհը առանձնացվել է, և բնակելի թաղամաս մտնող ոչ մի բեռնատար կամ այլ ավտոմեքենա չի մտնի Մատենադարանի տարածք:
«Ամեն ինչ արված է խիստ և զուսպ ոճի մեջ: Այդ ամբողջ ճանապարհը, խորդուբորդ սալաքարերն ու հենքն ընդհանրապես քանդվել էր և սալաքարերը խրվում էին հողաշերտի մեջ: Հենքը վերակառուցվել է և ճեմուղի է սարքվել կողքից` վերև բարձրանալու համար»,- ասել է Հրաչյա Թամրազյանը:
Խոսելով նաև ձեռագրերի մասին՝ Մատենադարանի տնօրենն ուրախությամբ նշել է, որ ձեռագրերի հոսքն անընդհատ է, և վերջին տարիների ընթացքում Մատենադարանը ձեռք է բերել 1500 ձեռագիր:
«Դա, իհարկե, շատ մեծ թիվ է: Մեծ հավաքածուներ ենք ձեռք բերել այս ընթացքում: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և մեր նվիրատուների շնորհիվ ֆոնդերի համալրման գործը շարունակվում է: Վերջին ձեռքբերումը լիտվերեն առաջին հնատիպ քարոզ-գիրքն էր՝ տպագրված 1591 թվականին, որից աշխարհում երկու օրինակ է մնացել, և փաստորեն լավագույն օրինակըհիմա գտնվում է Մատենդարանում: Արխիվային ֆոնդի համալրումները հասնում են տասնյակ հազարների։
Մատենադարանում նաև գեղագիտական միջավայր ստեղծելու վրա ենք աշխատում: Մատենադարանը աննախընթաց զարգացումների փուլում է. այդ զարգացման ընթացքն անշրջելի և անկասելի է, ու ամենակարևորը դա է»,- ասել է Հրաչյա Թամրազյանը: