Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ` Սահակյանն ասել է, որ այդ և մյուս հարցերի պատասխանները կտրվեն այսօր երեկոյան ՀՀԿ-ում կայանալիք գործադիր մարմնի նիստում:
«Իրոք հանդիպումներ եղել են, այսօր գործադիր մարմնի նիստ տեղի կունենա, արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ էլ արդեն հանդես կգանք պաշտոնական տեսակետով», – ասել է ՀՀԿ-ի փոխնախագահը` հավելելով, թե չի կարող այլ մանրամասներ փոխանցել հանդիպումից, քանի որ ինքը չի մասնակցել դրան. «Բայց եթե որոշակի ընդգծված խնդիր առաջացած լինի, այսօր երեկոյան հանդիպելու են գործադիր մարմնի նիստում, խոսք կգնա նաեւ այդ մասին»:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ նոր կառավարության կազմում ԲՀԿ-ի տեղերը ավելանալու են` Գալուստ Սահակյանն ասել է, որ դա կախված է այն հանգամանքից, թե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ն համագործակցության ինչ ձև կընտրեն:
«Ո՞րն եք առավել հավանական համարում, կլինի՞ կոալիցիա, թե այսպես կոչված համաձայնագիրը» հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասել է. «Նայած թե ինչպիսի սկզբունքներ կընտրվեն… եթե սկզբունքները, բեռը ծանր լինի, բնական է, [կընտրեն] դեպի կոալիցիայի ճանապարհը, եթե այդ բեռը կուսակցության տեսակետից ավելի թեթեւ պիտի լինի, կարծում եմ` համաձայնություններ կլինեն»:
Ինչ վերաբերում է մյուս կարևոր հարցադրմանը, թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի և Ազգային ժողովի նախագահի պաշտոնները, ապա Գալուստ Սահակյանն ասել է, թե այդ հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Արձագանքելով այն պնդումներին, թե արդեն իսկ որոշված է, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ Հովիկ Աբրահամյանին կրկին բաժին կհասնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը` Սահակյանն ասել է, թե և’ Աբրահամյանը, և’ Սարգսյանը պետք է ունենան մեծ դերակատարում:
«Կարծում եմ` երեկոյան այդ խնդիրներն էլ կլինեն: Հնարավոր է դա էլ քննարկվի: Կարծում եմ, որ երեկոյան պատրաստ կլինի նաև մեր համամասնականի ցուցակը, որը պիտի ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով», – «Ազատության» հետ զրույցում ասել է Սահակյանը: