ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Երևանի գլխավոր փոստի շենքը, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը ` հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին:
«Կառավարությունում կարծում են, որ այն շատ ավելի արդյունավետ կլինի օգտագործել որպես էլիտար բնակելի շենք կամ հյուրանոցային համալիր», – գրում է թերթը:
Հիշեցնենք, որ երեկ նույն օրաթերթը գրել էր, որ Երևանի պետական կոնսերվատորիայի շենքը նույնպես վաճառվելու է և կոնսերվատորիան միանալու է Մանկավարժական համալսարանի հետ, սակայն այդ տեղեկությունը երեկ իսկ հերքել էին Կրթության և գիտության նախարարությունից:
«Ժողովուրդը» գրում է, որ թերթի թղթակիցն այցելել է Սարյան փողոցում գտնվող փոստի շենք, որտեղ գործունեություն է ծավալում «Հայփոստ» ընկերությանը, պարզելու համար` արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները:
Քանի դեռ թերթի աշխատակիցները չեն ներկայացել, փոստի աշխատակիցները զրույցում ասել են, թե նման խոսակցություններ երկար ժամանակ է, ինչ լսել են, բայց չեն կարող ասել` որքանով են դրանք իրական:
«Ճիշտն ասած, մոտ մի ամիս առաջ էլ էկան, ասեցին` բա խաբա՞ր եք, շենքը ուզում են ծախեն, մենք էլ ստեղ հեռախոս, բան ենք ծախում, ասեցինք` դե եթե նման բան կա, մեզ մի քիչ շուտ ասեք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք, հետո ստեղի ղեկավարներից հարցրինք, ասեցին` հլը հաստատ բան չգիտենք, ու էսօր էլ ձեզանից ենք լսում, որ նման բան կա: Ո՞վ իմանա` ինչ ա լինելու, օրական մի օրենք են փոխում, մի բան են անում, ես շատ իմանամ` մեր գլխի գալիքը որն ա լինելու, անտեր երկիր ա, ով ինչ ուզում անում ա», – ասել է շենքի առաջին հարկում հեռախոսների վաճառքով զբաղվողներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Թղթակիցը նման պատասխան են ստացել նաև առաջին հարկում աշխատող այլ մարդկանցից: Թերթը փորձել է զրուցել նաև «Հայփոստի» տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի հետ, սակայն դա չի հաջողվել անել: Լրագրողին պատասխանել են, որ տնօրինությունից մարդ չկա, և իրենք չեն կարող ասել, թե երբ ինչ-որ մեկը կվերադառնա` խոստանալով պատասխանել գրավոր:
«Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նման տեղեկություն ընկերությունը չունի:
«Ժողովուրդը» Երևանի պետական կոնսերվատորիայի և փոստի գլխավոր շենքի հնարավոր վաճառքի վերաբերյալ զրուցել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ նման բան չկա:
«Դա պետական գույք է, եթե վաճառվի, ապա պետք է վաճառվի պետության որոշումով, նման նախագիծ, նման քննարկումներ ընդհանրապես գոյություն չունեն, դրանք ընդամենը ստահոդ խոսակցություններ են», – ասել է Սահակյանը: