17:35 «Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ իր սկզբունքներին՝ պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի և ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության Հայ Ազգային Կոնգրեսի համոզմունքը՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում, ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք, ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլև խորանում են։
Ուստի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ քննարկման արդյունքում, միաձայն որոշեց դադարեցնել իր անդամակցությունը Հայ Ազգային Կոնգրեսին:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայ Ազգային Կոնգրեսին՝ համատեղ անցած ճանապարհի համար, մաղթելով հաջողություն իր ծրագրերի իրականացման ճանապարհին», – ասված է հայտարարության մեջ:
15:55 Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել դուրս գալ Կոնգրեսից: Այնուամենայնիվ, կուսակցությունում առայժմ այդ լուրը չհաստատեցին` պատճառաբանելով, որ նիստը դեռ չի ավարտվել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ՀԱԿ-ի հետ տարաձայնությունների մասին բազմիցս ազնվորեն բարձրաձայնել է: Բոլոր մյուս հարցերին Սարգսյանը հրաժարվել էր պատասխանել նախքան վերջնական որոշում կայացնելը: