Եվրոպական զանգվածային մշակույթի` Եվրատեսիլի ամենամյա գլամուրին և ցնծությանն ընդամենը մի քանի օր է մնացել: Այս անգամ այն տեղի կունենա մայիսի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այսօր այդ թեմային անդրադարձել է բրիտանկան The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ) ամենաշատն այս մրցույթում սիրում է Եվրոպայի միավորման այն ջերմ փայլը, որը սովորաբար ճառագում է այս շոուն: Առնվազն գոնե մեկ երեկոյի ընթացքում: Եվրոպական հեռարձակողների միությունը յուրաքանչյուրին հիշեցնում է, որ Եվրոպայում տնտեսական լարվածության շրջանում մենք կարող ենք սիրել այս աշխարհամասը ոչ թե Բրյուսելի համաեվրոպական քաղաքական ժեստերի համար, այլ հենց այս երաժշտական փառատոնի:
Այս տարի Եվրատեսիլին ԵՀՄ-ն բախվում է հավելյալ մարտահրավերի: Անհրաժեշտ է որոշել` ինչպես պետք է վերաբերվել մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված Ադրբեջանում առկա խնդիրներին: Եվ բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ ԵՀՄ-ն ձգտում է անել դա, այլ, որովհետև Բաքվի ակտիվիստները, ԶԼՄ-ները և որոշ եվրոպական կառավարություններ այդ խնդիրն առաջնային են համարում:
Երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները սարսափելի են: 6 լրագրողներ բանտում են հորինված և անհեթեթ մեղադրանքներով: Ճաղերի հետևում են գտնվում քաղաքական ընդդիմության մի քանի տասնյակ ակտիվիստներ: Դաժան կերպով ցրվում են խաղաղ ցույցերը: ԶԼՄ-ների հանդեպ կիրառվող խիստ վերահսկողությունը երկրում վախի մթնոլորտ է ստեղծում: Նրանք, ովքեր բացահայտորեն քննադատում են Իլհամ Ալիևի գլխավորությամբ երկիրը ղեկավարող կառավարությանը, ֆիզիկական բռնության են ենթարկվում:
ԵՀՄ-ի գլխավոր պարտականությունը` ինքնարտահայտման ազատության և հիմնարար իրավունքների պաշտպանությունը, թույլ է տալիս ենթադրել, որ միությունը կօգտվի իրավիճակից և խիզախորեն դեմ կարտահայտվի Ադրբեջանի մասին` դատապարտելով նրան մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերի համար: Սակայն ԵՀՄ-ն առայժմ հստակ ցույց է տալիս, որ մտադիր չէ նման քայլ անել, ինչը հիասթափեցնում է խոսքի ազատության համար պայքարող լրագրողներին և Ադրբեջանի այլ քաղաքացիներին: Բաքվի կառավարությունը կարող է օգտվել ԵՀՄ-ի չեզոք դիրքորոշումից իր գործողությունների արդարացման համար: Դա վատ գովազդ է հենց ԵՀՄ-ի համար: Այն փաստը, որ խոսքի ազատության հաշվին ապրող մեդիամիությունը արհամարհում է ազատության ոտնահարումը և նման կերպ է վարվում իր ամենավառ և ամենափայլուն ցուցադրության նախաշեմին, հեղինակազրկում է այս կազմակերպությանը:
ԵՀՄ-ն դեռևս ժամանակ ունի արտահայտվելու և Եվրատեսիլից հետո Ադրբեջանում տիրող իրավիճակին հետևելու համար, երբ միջազգային հանրության ուշադրությունը կփոխադրվի այլ խնդիրների, իսկ տեղական լրագրողներն ու ակտիվիստները ծայրահեղ խոցելի պայմաններում կհայտնվեն, եզրափակում է The Guardian-ը: