Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովն առաջարկել էր 2013 ֆինանսական տարում Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ամերիկյան օգնությունը 2 միլիոնից հասցնել 5 միլիոն դոլարի: Միաժամանակ, մերժվել էր Հայաստանին տրամադրվելիք օգնությունը 7,5 մլն. դոլարով կրճատելու մասին նախագահի վարչակազմի առաջարկը: Լեռնային Ղարաբաղին ուղիղ օգնություն ցուցաբերելու մասին Կոնգրեսի հանձնաժողովի որոշումը պաշտոնական Բաքվի դժգոհությունն է առաջացրել, գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը «ՆԳ»-ի հետ զրույցում հաստատել է հնարավոր 5 մլն. դոլարի օգնության փաստը, սակայն կոչ է արել չշտապեցնել դեպքերը: «Սա ԱՄՆ-ի բարդ քաղաքական մեքենայի ընդամենը առաջին աստիճանն է: Հատկացումների ենթահանձնաժողովի կողմից ընդունված որոշումը պետք է առնվազն Կոնգրեսի աջակցությունը ստանա: Միայն այդ դեպքում Արցախին օգնություն հատկացնելու մասին որոշումը որևէ հստակություն կստանա»,-հայտարարել է Ղուլյանը:
Ինչպես նշում է «ՆԳ»-ն, ԱՄՆ-ի կողմից ուղիղ ֆինանսական օգնությունը հետխորհրդային տարածքում գտնվող միջազգային իրավունքի տեսանկյունից չճանաչված սուբյեկտին, աննախադեպ է:
«Ոչ ինքնահռչակ մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը, ոչ մասամբ ճանաչված Աբխազիան և Հարավային Օսիան դրա մասին չեն երազում»,-գրում է պարբերականը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղը մի շարք չճանաչված հանրապետությունների թվից բացառելը կապում է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի գործունության հետ:
«Ես հստակ չեմ հիշում, կա՞ ն հիմա հայ կոնգրեսականներ, սակայն դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը Կոնգրեսում պաշտպանում են նահանգների ներկայացուցիչները, որտեղ հայերը կարևոր պաշտոններ են զբաղեցնում, լուրջ ազդեցություն ունեն տեղի հանրության վրա»,-«ՆԳ»-ի հետ զրույցում ասել է Զատուլինը:
Նրա խոսքով`Վաշինգտոնի կողմից չճանաչված հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ այպիսի ուժեղ լոբիստներ չունեն օվկիանոսից այն կողմ և որևէ ֆինանսական կամ այլ տեսակի օգնություն ակնկալ չէին կարող ոչ անցյալում ոչ այժմ:
«Միաժամանակ նշեմ, որ ԱՄՆ-ն հավասարակշռված քաղաքականություն է վարում և բոլոր ձվերը մեկ կողովի մեջ չի դնում: Եթե Կոնգրեսում բավարար ուժեղ են հայկական կողմի դիրքերը, ապա Պետդեպն այսպես ասած «խաղում է» Ադրբեջանի կողմից»,-պարզաբանել է Կոնստանտին Զատուլինը: