Home / Հայաստան / ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցությունների անդամները որոշել են մնալ Կոնգրեսում

ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցությունների անդամները որոշել են մնալ Կոնգրեսում

Այսօր Հայաստանի լիբերալ կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունից անմիջապես հետո նույնպես հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի կազմից դուրս գալու մասին: Լիբերալները տարածած հայտարարության մեջ Կոնգրեսը լքելը պատճառաբանում են նրանով, որ 2008-2009 թվականներից հետո «ՀԱԿ-ի գործողությունները դարձան պասիվ, երբեմն անհասկանալի, ընդ որում` բոլորի համար»:

«2012թ. ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի համար կրելով սեփական պատասխանատվության մասը` այնուամենայնիվ գտնում ենք, որ այսօր թերացումների և սխալների մասին խոսելն այլևս ժամանակավրեպ է: Թող յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ գործիչ ինքը մտորի այդ ամենի մասին, եզրահանգումներ անի», – ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի լիբերալ կուսակցությունը նաև նշում է, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից` այլևս «աննպտակահարմար համարելով կաշկանդված մնալ ՀԱԿ որոշումների և գործողությունների շրջանակներում», ինչպես նաև նշում է, որ կուսակցության այն անդամները, ովքեր կցանկանան շարունակել իրենց քաղաքական գործունեությունը ՀԱԿ շրջանակներում և դուրս գալ ՀԼԿ-ից, ապա նրանք ազատ են իրենց որոշումների մեջ:

ՀԼԿ-ի հայտարարությունից հետո կուսակցության Գյումրու պատասխանատու Վահագն Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ԶԼՄ-ներից է իմացել կուսակցության որոշման մասին: Նա նշել է, որ որոշում է կայացրել դուրս գալ ՀԼԿ-ից և մնալ ՀԱԿ-ի կազմում:

«Քանի որ  ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ Հայ Ազգային Կոնգրեսից, շարունակելու եմ մնալ ՀԱԿ-ում: Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին`  կանգնել եմ ՀՀ առաջին և հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Հայ Ազգային Կոնգրեսի կողքին և պայքարելու եմ մինչև վերջ», – ասել է Վահագն Խաչատրյանը:

Նույն որոշումն է կայացրել նաև Հայաստանի լիբերալ կուսակցության քաղխորհրդի հիմնադիր անդամ Վահրամ Հարությունյանը:

«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի զինվորն եմ,  ես իր համակիրն եմ և ուրախ եմ, որ ներկայացնում եմ Կոնգրեսը: Ես Կոնգրեսից դուրս չեմ գալու», – Epress.am-ին ասել է Հարությունյանը:

«Հանրապետություն» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի անդամ, ազատամարտիկ Սերիկ Տոնոյանը ասել է, որ ինքն  անակնկալի է եկել, երբ  իմացել է, որ «Հանրապետությունը» դուրս է գալիս Կոնգրեսից:

Epress.am-ի հետ զրույցում նա պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցության այդ քայլից հետո դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից, որին անդամագրվել էր 5 ամիս առաջ:

«Այդ կուսակցության մեջ փառավոր  տղաներ կան, որոնք ազատամարտիկ են եղել, կարծում եմ` նրանք այս պահին շեղվել են, բայց կկողմնորոշվեն և նորից  կկանգնեն ժողովրդին կողքին: Հայ Ազգային Կոնգրեսը միակ ճիշտ քաղաքական ուժն է, և ես ու իմ ազատամարտիկ ընկերները գտնվում ենք ժողովրդի կողքին, Հայ Ազգային Կոնգրեսի կողքին և մինչև վերջ մնալու ենք ժողովրդի կողքին», – ասել է Սերիկ Տոնոյանը:

Վերջինս  նաև նշել է, որ Կոնգրեսից դուրս գտնվող բոլոր  քաղաքական ուժերի վարած քաղաքականությունը այնպիսին է, որ «նույնիսկ ղազախական աղբանոցուներում չես գտնի»:

Տոնոյանը նաև հավելել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո «Երկրապահ» կամավորների միությունը մի քանի անգամ պառակտվեց, բայց  կարծում է, որ «սա էլ կանցնի և երկրապահը էլի կկանգնի ժողովրդի կողքին»:

Տոնոյանը տեղեկացրել է, որ իր ընկերներից մի քանիսը նույնպես կհայտարարեն «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու մասին: