Ներքաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե վերջապես ո՞վ կլինի նոր ձևավորվող կառավարության ղեկավարը, և թե ու՞մ կգործուղի խորհրդարան ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո ՀՀԿ-ն իր համար վերջնական որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ահա Հովիկ Աբրահամյանին կրկին վերադարձնել ի շրջանս յուր: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը մինչև 2011 թվականի նոյեմբեր, երբ նա նշանակվեց ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար:
«Եվ չնայած նրան, որ որոշ ՀՀԿ-ականների ամենևին դուր չի եկել Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերահաստատվելու իրողությունը, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսն արդեն հրապարակավ հայտարարել են. «Դե էլի կասենք, որ Սարգսյանի նշանակումը պետության շահերից է բխում»», – գրում է թերթը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վարչապետ Սարգսյանի համար ահռելի լոբբիստական աշխատանք է իրականացրել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը:
«Ի դեպ` նա այն ֆիգուրներից է, որոնք իրենց ուզած կադրերին աննկատ տեղավորում են այնտեղ, որտեղ ցանկանում են ինքն ու իր կադրերը», – եզրափակում է թերթը: